Տարվա կյանքը երկար չի՝ ընդամենը մի տարի։ Դեռ ոչ մեկին չի հաջողվել դրանից ավելի երկար ապրել. ճակատագիր ա։ Եթե տարի ես ծնվել, կյանքից շատ սպասելիք չունես, բոլորը քեզնից են սպասում։ Ծնվում ես աղմուկի, գունավոր լույսերի, հրավառության մեջ, դեռ աչքդ չբացած՝ կոկորդդ խոզի բուդ են խցկում, սալաթներ, մրգեր, խմորեղեն, քաղցրավենիք, քիչ ա մնում՝ խեղդվես, տռզում-մնում ես, իսկ մարդիկ նստում ու սկսում են քեզնից սպասել, հետո, անկախ նրանից, թե ինչ են ստանում, ուրախանում են քո գնալու համար, դեռ մյուս տարին չեկած, քեզ արդեն մոռանում են ու սկսում են մյուս տարվանից նույնը սպասել։ Ասենք՝ չէ՛, չեն մոռանում, հաճախ են հիշում, բայց, ավելի շուտ, իրանց են հիշում քո մեջ. դու պիտակի նման մի բան ես՝ հերթական համար, որին մեխում են իրանց հիշողությունները, որ ճիշտ նոստալգիկ հաջորդականությամբ դասավորեն։
Մարդիկ չեն հասկանում, որ քեզ խոզի բուդ ու հրավառությու՛ն պետք չեն, դու դրանցո՛վ չես սնվում, քեզ ընկեր ա պետք՝ զրուցակից, քո սնունդը խոզի միսն ու խմորեղենը չեն, այլ իրանց խոհերը, հույզերը, արածն ու չարածը, ծրագրերը։ Առանց դրանք իմանալու՝ դու ո՜նց կօգնես իրանց։ Չեն հասկանում, որ աղմկոտ կերուխումի փոխարեն պիտի մի քիչ խաղաղվեն ու լռության մեջ մտածեն իրանց կյանքի մասին, քեզ պատմեն իրանց նվիրական երազանքները, մեղքերը խոստովանեն, որոշումներ կայացնեն, որ կարողանաս օգնել։
Ուզում են, սպասում են, բայց չեն հավատում, որ կաս, չեն հավատում, որ կօգնես։ Ախր․․․ ի՜նչ եմ ասում, անգամ, իրանց խոզի բդին չեն հավատում, տոնածառին չեն հավատում, լուրջ չեն ընդունում՝ ավանդույթ ա, էլի․․․ Եղած-չեղածը ծախում, Նոր տարվա սեղան են գցում, իբր, որ տարին լի սեղանով անցնի, բայց դրան էլ չեն հավատում, հոգու խորքում չեն հավատում։
Քեզնից հրաշք են սպասում, հետդ հույսեր կապում, բայց ամաչում են՝ հավատան, որ դու կարող ես օգնես, հանկարծ մարդիկ կկարծեն, թե իրանք հիմար են, մանկամիտ են։ Ձմեռ պապ են հնարել, որ երեխաներին խաբեն, ու հպարտանում են, որ արդեն մեծ են՝ էլ Ձմեռ պապին չեն հավատում։ Ախր, հավատալը հիմարության նշան չի, հավատալը կյանքի օրենք ա՝ ապրելու պարտադիր պայման։
Հենրիկ Պիպոյան