Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայում հայտնել է, որ առնվազն 232 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածների հետևանքով: Օդային հարվածները կենտրոնացել են խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ պատսպարվում էին: ՄԱԿ-ում Իսրայելի բանագնացը հայտարարել է, որ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն:               
 

Ազատությունն ամեն օր պետք է նվաճել

Ազատությունն ամեն օր պետք է նվաճել
28.01.2025 | 17:10

Սովորությունը սարսափելի բան ա։ Հինգ մահ ես տեսնում, վեցերորդին սովորում ես, երկու անգամ քեզ ժպտում են, երրորդը էլ չես նկատում, մի քանի անգամ քեզ խաբում են, հետո ինքդ ես սկսում խաբվել։

Դարվինն ա մեղավոր, ասել ա՝ ով հարմարվում ա շրջապատին, երկար ա ապրում։ Մենք էլ արագ հարմարվում ենք՝ ամեն ինչի սովորում ենք։

Մի քանի անգամ լվացքի մեքենան իրան կոտորելով լվանում ա շորերդ, արդեն մոռանում ես, թե ինչ ա ձեռքով լվացք անելը։ Սովորում ես։ Ալարում ես անգամ մեքենայի միջից շորերդ հանել։

Համակարգչով մի քիչ տպում ես, գրիչ բռնելը մոռանում ես։ Սովորում ես։ Անգամ ստորագրել էլ չի ստացվում։

Քահանան մկրտում ա երեխային՝ քթի տակ անկիրք ձայնով արագ-արագ կես բերան օրհնում ա, բան չես հասկանում։ Սովորություն ա, անգիր ա արել։ Բա մարդուն տենց ե՞ն կնքում, բա Աստծուն տենց ե՞ն դիմում։

Աչքդ բացում ես՝ արևը դուրս ա եկել։ Չես էլ նկատում, վեր ես կանում, գնում ես լոգարան։ Արև ա, էլի, ամեն օր էլ դուրս ա գալիս։ Բա արևին տենց ե՞ն դիմավորում, բա հրաշքը տենց ե՞ն վայելում։

Բա սերը, սերը։ Ո՜նց կարելի ա սիրուն սովորել։ Ո՜նց կարող ա սերն առօրյա դառնալ, սովորություն դառնալ՝ որ խալաթի նման հագնես, կտրես, ձևես, բլանդես։ Բա դա սեր ա՞։ Պիտի ամեն գիշեր կորցնես սերը ու ամեն առավոտ նորից սիրահարվես, պիտի դողաս սիրո վրա, մոմ վառես։

Բա կյանքը։ Մինչև սկսում ենք գիտակցել մեր եսը, արդեն սովորած ենք լինում կյանքին։ Բայց չէ՞ որ կյանքը հազվագյուտ պարգև ա։ Քանի կաս, քանի շնչում ես, պիտի ամեն գիշեր մեռնես ու ամեն առավոտ նորից ծնվես, որ հասկանաս, որ գնահատես։

Տուն ես մտնում, տեսնում ես մայրդ սենյակի անկյունում նստած ա։ Սովորություն ա, չես էլ նկատում։ Հետո՝ մի օր տուն ես մտնում, ու անկյունը դատարկ ա։ Գլխիդ ես տալիս, հայացքիդ էդ անկյունը պոկվում-ընկնում ա ու մինչև կյանքիդ վերջը դատարկ է մնում, կույր ա մնում։

Քայլում ես փողոցում, շուրջդ տներ են՝ մեծ ու փոքր քարից տներ։ Չես էլ նկատում՝ տներ են, էլի։ Սովորել ես։ Մեկ էլ մի օր շուրդ ես նայում, տները չկան, հսկայական փայլուն, անկյանք շենքեր են։ Ոտքիդ տակի մայթը նույնն ա, իսկ շուրջդ ամեն ինչ տարբեր ա, ասես օտար քաղաքում լինես։ Դե, հիմա սրանց սովորի ու գիշերը երազումդ հին տները տես։

Իսկ ազատութու՞նը։ Սովորություն դարձած ազատությունը կամավոր ստրկություն ա։ Հենց համարես, որ դու անդառնալիորեն ու վերջնականապես ազատ ես ու զգոնությունդ կորցնես, չես էլ հասկանա, թե ոնց կորցրիր ազատությունդ։ Դու չես էլ պատկերացնում, թե ինչքան աչք կա քո ազատության վրա։ Մարդուն երբեք չի բավարարում իր եսը, ու նա ուրիշների ազատության հաշվին լրացնում ա պակասը։

Չէ՛, ազատությունը շատ թանկ բան ա, ազատությունը պետք ա ամեն օր նվաճել, որովհետև ազատ մարդը նա չի, ով ազատ ա ծնվել, այլ նա, ով գնել ա էդ ազատությունը, հաճախ՝ կյանքի գնով։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9345

Մեկնաբանություններ