Աշխարհը կանգնած է մեծ ու դժվար կանխատեսելի և շատ կողմերով անհայտ փոփոխությունների առաջ, դժվարություններ, որոնք կապված են երկու սկզբունքային բնույթի հանգամանքներով պայմանավորված անորոշությունների հետ։
Առաջին հանգամանքը դա ներկայի գլոբալ հակամարտության կողմերի մտածողության իներցիան է, որը նոր աշխարհաքաղաքական պարադիգմի պայմաններում ծագած գոյաբանական պրոբլեմները փորձում է լուծել հին պարադիգմին հատուկ մոտեցումներով։
Բացահայտորեն, աշխարհն այնպիսին չէ, ինչպես ձեռնտու է տեսնել Արևմուտքին և, միաժամանակ, այնպիսին էլ չէ, ինչպես այն կուզենային տեսնել Արևելքն ու մնացած ոչ արևմուտքը, հանգամանքներ, որոնք լրջագույն գոյաբանական ռիսկերի աղբյուրներ են։
Երկրորդ հանգամանքը կապված է այն բանի հետ, որ ցանկացած նոր աշխարհաքաղաքական պարադիգմն իր հետ բերում է ուժերի ու հզորությունների նոր դասավորություն, որը պարունակում է զարգացման ու անկման պոտենցիալների մի նոր ու անհայտ բազմություն, և որի մասին կողմերն ունեն շատ աղոտ պատկերացումներ։
Օրինակ, ո՞վ էր 1917 թվի գարնանը Ռուսաստանում բոլշևիկներին համարում լուրջ քաղաքական ուժ, ըստ ամենայնի, ոչ ոք, իսկ Լենինի ապրիլյան հայտնի թեզիսները համարում էին ինչ-որ կիսացնդած բան։ Այսինքն, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, երբ արդեն արել ենք հեղափոխությունը։
Բացի դրանից, կա նաև աշխարհում փոփոխությունների արագության մեծացման գործոնը, այսինքն, ակնառու կերպով երևացող տեխնոլոգիական աճի սիստեմատիկ արագացման հետ կա նաև քաղաքական կյանքի արագացման համաշխարհային պրոցես, քանի որ բոլոր տեսակի աճերը օրգանապես կապված են իրար հետ։
Իսկ արագացված շարժման դեպքում անսպասելիություններն ավելի հավանական են, որոնք կարող են ունենալ ազդեցիկ քաղաքական գործոնների ու նոր հզորությունների տեսք։
Մի կողմից էլ, դեմոկրատիա ասածն ինքը՝ սիստեմատիկաբար դրեյֆելով դեպի իր ուլտրալիբերալ դրսևորումները, վաղուց արդեն այն չէ, ինչ որ էր նախկինում, և որն արդեն վաղուց իրեն սպառել է։
Մյուս կողմից էլ, Արևմուտքի կողմից ավտոկրատ հռչակվածները ևս առաջվանը չեն այլևս, և այս իմաստով աշխարհը կանգնած է այս բոլոր հասկացությունների, ներառյալ դեմոկրատիայի ու ավտոկրատիայի, վերաիմաստավորման անհրաժեշտության առաջ, որն էլ մեծապես կորոշի մարդկային քաղաքակրթության հետագա ընթացքը։
Այնպես որ, մարդկությանը սպասում են շատ հետաքրքիր ժամանակներ։
Եվ այս անկառավարելի կամ կիսակառավարելի հեղեղի մեջ մեզ նման թույլերը ևս պետք է իմաստավորեն իրենց գոյության իմաստն ու դրա հետագա ընթացքը։
Պավել Բարսեղյան