Վաղնջական ու դեռևս կենդանականին մոտիկ կյանքի ժամանակներից սկսած` մարդկանց ու մարդկային համակարգերը ղեկավարել են ուժն ու վախը, ինչպես նաև հնարամտությունը, զգուշությունն ու պայմաններին հարմարվելը։
Հզոր մարդկային համակարգերի մրցակցային պայքարի պայմաններում զինատեսակների մշտական կատարելագործման ու տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում ուժի ու հզորության սիստեմատիկ աճը հավասարակշռվել է վախով պայմանավորված պաշտպանական համակարգերով։
Բացի դրանից, մշտապես մարդկանց և մարդկային համակարգերի հարաբերությունների կարգավորման հզոր գործոն է եղել նաև փոխադարձ ոչնչացման վախը, որի հետևանքով, օրինակ, հակառակորդները առանց ճակատամարտ սկսելու երբեմն լքել են մարտական դիրքերն ու հեռացել։
Պատմության մեջ եղել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով անիմաստ անվախության կամ էլ չարդարացված մեծ վախը բերել են անսպասելի պարտությունների։
Այսինքն, ուժով ու վախով կառավարվող աշխարհում և՛ ուժային փոփոխությունները, և՛ վախի դաշտում փոփոխությունները, ներառյալ՝ անիմաստ անվախությունն ու չարդարացված մեծ վախը, կարող են պարունակել անսպասելի գոյաբանական ռիսկեր։
Եվ ինչպես ուժն է կառավարման օբյեկտ, այնպես էլ այդպիսին պետք է լինի վախը, որը պետք է համապատասխանության մեջ գտնվի պարտության և կորուստների ռիսկերի հետ։
Դա էր ուժի ու վախի փոփոխության պայմաններում դրանց կառավարման տրամաբանությունը, երբ գոյության պայքարի սրման ու պատերազմների ժամանակ պարտվում էր հակամարտ կողմերից միայն մեկը։
Այլ է ուժերի, վախի ու դրանց հետ կապված ռիսկերի կառավարումը ատոմային դարում, երբ շատ մեծ հավանականությամբ հակամարտ երկու կողմերն էլ կարող են լինել պարտվող, որի պատճառով կողմերի հարաբերություններում վճռական է դառնում համարյա 100-տոկոսանոց փոխադարձ ոչնչացման վախը։
Սառը պատերազմի ժամանակ ուժային մրցակցությունը հավասարակշռվում էր հենց այդ փոխադարձ գոյաբանական վախով, որը նաև ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ բախումների բացակայության պատճառն էր, իսկ նրանց միջև հակամարտությունների սրացման դեպքում իրավիճակի լիցքաթափման համար օգտագործվում էին պրոքսի կամ միջնորդավորված պատերազմները։
Ներկա, շատ բաներով դեռևս միաբևեռ աշխարհում տևական ժամանակով մեծ պատերազմի բացակայությունը և մարդկանց երկարատև բարեկեցիկ ու անվտանգ կյանքը բերել են մի իրավիճակի, երբ նրանք մոռացել են պատերազմի արհավիրքների մասին ու մոռացել են նաև դրա հետ կապված վախի մասին:
Այդ է պատճառը, որ վերջին շրջանում ատոմային զենքի օգտագործման հնարավորությունների մասին խոսակցություններն ու քննարկումները դարձել են սովորական բան։
Մարդկանց կյանքի հեռացումը նրա կենսաբանական հիմքից ու կրթական համակարգի պարզունակացումը բերում են նրանց կողմից իրականության ադեքվատ ընկալման պակասի ու գոյաբանական վախի վերացման կամ էլ դրա կրիտիկական չափով պակասելուն, ճիշտ այնպես, ինչպես անգիտակից երեխան չի վախենում ահռելի վտանգից։
Այս հանգամանքը, քանի գնում, այնքան ավելի կրիտիկական է դառնում մարդկային քաղաքակրթության գոյության ու հարատևման իմաստով։
Հարցի լուծումը, ինչքան էլ դա տարօրինակ թվա, գոյաբանական վախի վերականգնումն է տարբեր պատճառներով այն կորցրած ու ինքնակործանման մոլուցքով տարված մարդկանց համար։
Պավել Բարսեղյան