ՀՀ ԱԱԾ -ն հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե՝ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող անձանց նկատմամբ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելու համար։
Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգող մարդկանց մասին տեսանյութը տարածել էր «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ն, որից հետո դա լայնորեն տարածվեց։
Ես էլ եմ անդրադարձել այդ թեմային, նշելով, որ Երևանի կենտրոնում ադրբեջաներեն երգող մարդկանց հայտնվելը և Արցախի բռնի հայաթափումը գովերգելը Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության հարց է, ուստի պետք էր մեր անվտանգությունը և արժանապատվությունը կասկածի տակ դնող մարդկանց համարժեք կերպով լռեցնել։
ՀՀ ԱԱԾ-ն համարում է, որ այդպիսի կոչերը անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրել են։
Ուզում եմ հասկանալ՝ ԱԱԾ -ն ո՞ր երկրի ու ո՞ր ժողովրդի շահերն է պաշտպանում։
Եթե օտարազգիները Երևանում պարսկերեն, հնդկերեն, անգլերեն, ռուսերեն, որևէ այլ լեզվով երգեն, էլի խնդիր չէ, բայց ադրբեջաներեն, այն էլ Արցախի բռնի հայաթափությանը նվիրված ե՞րգ։
Նաիրի Հոխիկյան