Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նկարիչների միությունը երիտասարդացել է

Նկարիչների միությունը երիտասարդացել է
13.11.2013 | 15:22

Նոյեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ ներկայացված ստեղծագործությունների քանակը և որակն ապացուցում են, որ ստեղծագործական կյանքը մեր երկրում զարգացում է ապրում։ «Մենք ունենք հզոր երիտասարդական ներուժ։ Նրանք սիրում են ստեղծագործել, հանդես են գալիս նոր մտքերով ու գաղափարներով, ընդ որում՝ արվեստի բոլոր բնագավառներում։ Պատվաբեր է ներկայացված լինել նկարիչների միությունում, և այսօր երիտասարդներին այդ հնարավորությունը տրված է»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շեշտեց, որ միության դռները միշտ բաց են երիտասարդ ստեղծագործողների առջև։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր այսօր ձեռք են մեկնում երիտասարդներին՝ աջակցելով նրանց ստեղծագործական ճանապարհին։

Մուշեղ Պետրոսյանը ցուցահանդեսում ներկայացրել է «Տարածական ճեղքում» վերնագրված իր քանդակը։ Այդ ստեղծագործությամբ նա ցանկացել է պատկերել անցումը մի հարթությունից դեպի մյուսը։ Հեղինակը խոստովանում է, որ քանդակը ստեղծելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվել, սակայն շատ երկար օրեր են պետք եղել գաղափարը հղանալու ու դրա շուրջ մտածելու համար։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը։ Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների։

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ