Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքի իմաստն Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումն է, այժմ դա չստացվեց կամ պլանները փոխեցին

Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքի իմաստն Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումն է, այժմ դա չստացվեց կամ պլանները փոխեցին
10.03.2026 | 11:00

Դեռ անցած շաբաթ հրապարակված «Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածով տեղեկացրել էինք Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացված սադրանքի, ինչպես նաև Իրանի հանդեպ աքլորացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ-ի սպառնալիքների մասին:

Սադրանքի էությունը շատ հակիրճ հետևյալն է. Իսրայելի (ինչն ավելի հավանական է) կամ ԱՄՆ-ի կազմակերպած սադրանքի արդյունքում մարտի 5-ին անօդաչու թռչող սարքերով հարված է հասցվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին, մասնավորապես, Նախիջևան քաղաքի միջազգային օդանավակայանի տերմինալին, մեկ այլ ԱԹՍ ընկել է դպրոցի մոտ: Ըստ որոշ տեղեկությունների, վիրավորվել է չորս մարդ, այլ տեղեկությունների համաձայն, 2 հոգի: Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՊՆ-ն, երբ միջադեպի նախաքննությունը դեռ նոր էր սկսված, շտապել են այն վերագրել Իրանին ու նրան սպառնալ պատասխան միջոցներով: Ալիևը կատարվածն անվանել է ահաբեկչություն:

Ինչպես Իրանի ԱԳՆ-ն, այնպես էլ Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը (ԳՇ) նույն օրը հերքել են Ադրբեջանի տարածքին ԱԹՍ-ներով հարձակման հետ Իրանի Զինված ուժերի առնչությունը: Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է Նախիջևանի վրա հարձակվելու մտադրության բացակայության մասին:

«Սիոնիստական վարչակարգի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն,- նշված է ԳՇ-ի հայտարարությունում։- Կատարված ուսումնասիրությունների համաձայն, տվյալ գործողությունն իրականացվել է այդ վարչակարգի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով»:

Հոդվածում նշել էինք նաև, որ Իրանի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման և Իրանի պատասխան հարվածների դեպքում տարածաշրջանային մեծ պատերազմն կլինի նաև Հայաստանի սահմանին ու կարող է նույնիսկ մեր շեմից ներս մտնել:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչները մարտի 6-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ են լսել։ Այս մասին NEWS.am–ի տեղեկացմամբ, լրատվական կայքին հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել»,– ասել է նա՝ նշելով, որ այս պահին ձայներ չեն լսվում։

«Սյունիքի դիրքերից մեր տղաները հաստատում են իրենց դիրքերի մոտ փոխհրաձգությունների և հրթիռային հարվածների մասին տեղեկությունը,- ֆեյսբուքյան իր էջում մարտի 5-ի երեկոյան գրել է բլոգեր Միկա Բադալյանը:- Նկատվում է նաև ուժերի լուրջ կուտակում սահմանից այն կողմ։ Իրանը, ամենայն հավանականությամբ, հարվածներ է հասցնում օկուպացված Արցախում գտնվող իսրայելական բազաներին»:

Ինչո՞ւ… Հավանաբար հենց Արցախում գտնվող իսրայելական բազայից կամ բազաներից են արձակվել Նախիջևանի տարածքին հարվածած ԱԹՍ-ները, և Իրանն Իսրայելի սադրանքին իր պատասխանն է տվել: Հնարավոր են նաև կատարվածի այլ բացատրություններ. Իսրայելի կամ ԱՄՆ-ի պատվերով, հանձնարարությամբ կամ պահանջով ԱԹՍ-ներն արձակվել են հենց Ադրբեջանի տարածքից, կամ էլ Իրանի տարածքից՝ Իսրայելի կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված, դավաճան իրանցի զինվորականների կողմից:

Պատասխանելով ԶԼՄ-ի «Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ սրումը՝ կապված իրանական տարածքից Նախիջևանին դրոններով հարվածելու հետ» հարցին, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է .

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում իրավիճակի խիստ վտանգավոր զարգացման կապակցությամբ, որը պայմանավորված էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ոչ մի կերպ չհրահրված անօրինական զինված ագրեսիայով՝ բացարձակ մտացածին պատրվակներով: Գործելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտմամբ՝ այդ երկրները փորձում են տապալել ՄԱԿ-ի ինքնիշխան և անկախ անդամ պետության օրինական իշխանությունը «հավաքական Արևմուտքին» ենթարկվելուց հրաժարվելու համար:

Ինչպես ավելի վաղ բազմիցս զգուշացրել էր ռուսական կողմը, այդ ռազմական արկածախնդրությունը կարող է ամենաբացասական կերպով ազդել տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին՝ Իրանի հարևանների անվտանգության վրա: Այդպես էլ եղավ։ Իրադարձությունների այսօրվա զարգացումը ագրեսիայի հեղինակների ուղղակի պատասխանատվությունն է, ինչպես նաև նրանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն խաղում են դրա հետ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Իրանի միջև ստեղծված լարվածությանը, ապա մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ մեր ռազմավարական գործընկերներին, ցուցաբերել առավելագույն խոհեմություն, զերծ մնալ չմտածված քայլերից և տարածաշրջանում նոր բաժանարար գծեր չստեղծել՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի։ Նման լարված իրավիճակում չափազանց կարևոր է ուշադիր ստուգել ցանկացած իրադարձության բոլոր հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել էլ ավելի սրման» (ընդգծումը՝ մերը)։

Ադրբեջանը, սակայն, արդեն գնացել էր տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով: Իրանի հարևանը Նախիջևանում ԱԹՍ-ներով հարվածներից գրեթե անմիջապես հետո, նույն օրը փակել էր Իրանի հետ սահմանը բեռնատարների համար:

Այս մասին տեղեկությունը հայտնվել է Ադրբեջանի կառավարության կայքում։

«…Նախարարների կաբինետը որոշում է ընդունել ադրբեջանա-իրանական պետական սահմանի բոլոր անցակետերից բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ՝ տարանցիկ նշանակության բեռնատարների) տեղաշարժի ժամանակավոր ամբողջական դադարեցման մասին»,- «RT на русском»-ի փոխանցմամբ, նշված է հայտարարության մեջ:

Քանի որ նշված է նաև տարանցիկ բեռնափոխադրումների ամբողջական արգելքի մասին, բացառված չէ, որ Ադրբեջանն այսպիսով, բացի Իրանին և ՌԴ-ին տնտեսական ու սոցիալական վնաս պատճառելուց, նպատակ ունի նաև թույլ չտալ առաջիկայում Ռուսաստանից ավտոտրանսպորտի միջոցով ռազմական և (կամ) մարդասիրական նշանակության ապրանքների տեղափոխումն Իրան, մի արգելք, որը նաև Իսրայելի, ԱՄՆ-ի ուզածն է (շահերի, նպատակների համընկնում), եթե ոչ նրանց պատվերի կամ պահանջի կատարման արտահայտությունը:

Ինչպես հայտնել է «Mash» տելեգրամ ալիքը , ավելի քան 1500 ռուսական բեռնատարներ արգելափակված են իրանա-ադրբեջանական սահմանին, Աստարա քաղաքի մոտակայքում: Բեռնատարներում կա սննդամթերք, որը սկսում է փչանալ: Ռուսական տրանսպորտային միջոցներն արգելափակվել են Ադրբեջանն Իրանին կապող առանցքային առևտրային երթուղու վրա: Բեռնատարները Թեհրան էին տանում պարենային ապրանքներ՝ հացահատիկ, ձավարեղեն և ալյուր, իսկ հետադարձին պետք է Ռուսաստան հասցնեին բանջարեղեն և մրգեր։

Վարորդների խոսքով՝ բեռնատարների թափքում գտնվող ապրանքները սկսում են փչանալ, ինչը բեռների սեփականատերերին սպառնում է հարյուր միլիոնավոր ռուբլու վնասով։ Բացի այդ, տրանսպորտային առաքման հետաձգումը կարող է հանգեցնել մրգերի և բանջարեղենի պակասի Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի շուկաներում:

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը անցակետով միայն մոտ 100 բեռնատարի է հաջողվել անցնել, ևս 1400 մեքենա մնացել է հերթում։ Խնդիրը բարդացնում են հաղորդակցության հետ կապված դժվարությունները. կապի արգելափակման (իհարկե՛ միտումնավոր) և համացանցի անկայուն աշխատանքի պատճառով (կարծում ենք, ոչ պատահական…) բեռնատարների վարորդները չեն կարողանում կապվել ռուսական դեսպանատան հետ: Համացանցին հասանելիության մոտակա կետը սահմանային անցակետից 4 կմ հեռավորության վրա է, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում վարորդների համար:

Բացի վերոնշյալից, ինչպես, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանը որոշում է կայացրել Իրանից դիվանագիտական անձնակազմի ամբողջական դուրսբերման մասին, աշխատանքներն արդեն տարվում են։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է կայացրել դիվանագիտական անձնակազմի ամբողջական դուրսբերման մասին,- ասել է դիվանագետը (մեջբերումն «Интерфакс»-ից):- Դա տարածվում է ինչպես Թեհրանում դեսպանատան, այնպես էլ Թավրիզում գլխավոր հյուպատոսության վրա»։

Այնուհետև սպառնալիքներ հրապարակվեցին Թեհրանից: Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը Բաքվին դիմել է վերջնագրով.

«Չնայած տարածաշրջանում ամերիկացի և իսրայելցի ագրեսորների ակտիվ դիմակայությանը, Թեհրանը միշտ ձգտել է պահպանել բարեկամ հարևան երկրների անվտանգությունն ու շահերը։ Սակայն անկայունության տարածումը կանխելու համար Ադրբեջանի Հանրապետությունը պետք է անհապաղ դուրս մղի իսրայելական տարրերը իր տարածքից և դադարեցնի սեփական ժողովրդի և Իրանի անվտանգությանը սպառնացող գործողությունները, այլապես դրանք թիրախ կդառնան իրանական զինված ուժերի համար»:

«Մենք Ադրբեջանի հետ ոչ մի խնդիր չունենք, բայց եթե դավադրություն հայտնաբերվի կամ այնտեղից ինչ-որ բան թռչի Իրանում, մենք միջոցներ կձեռնարկենք»,- շտաբի հայտարարությունից հետո, մարտի 7-ին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին (նրա խոսքը, ինչպես տեղեկանում ենք «Комсомольская правда»-ի հրապարակումից , փոխանցել է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը):

Թվում է, թե Ադրբեջանի և Իրանի միջև պատերազմից, ինչպես ասում են, 5 պակաս էր, սակայն Ադրբեջանը երեկվանից սկսած, սկսել է նահանջել…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ