Երբ մամուլը հրապարակում է, որ ազգությամբ թուրք եվրոպական բարձրաստիճան պաշտոնյան՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, պրանկ զրույցում պատրաստակամություն է հայտնում աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին տապալելու և հեռացնելու գործընթացին, դա զարմանալի չէ։ Դա արտաքին հակառակորդի բնական ռազմավարությունն է՝ հարվածել Հայ Եկեղեցու նվիրապետական Գլխին, թուլացնել ազգային ինստիտուտը և ջնջել հայության հոգևոր դիմադրողականությունը։
Բայց երբ այդ ֆոնին, ազգությամբ հայ քահանաներն են Սուրբ Պատարագի ժամանակ կիսատ թողնում աղոթքներն ու զեղչում Վեհափառ Հայրապետի անունը, սա արդեն եկեղեցական միասնության դեմ ուղղված ծանր հակականոնական արարք է և առաքելական կանոնների ոտնահարում (մանրամասն հղումները՝ տես մեկնաբանությունում)։ Արտաքին հարվածը սպասելի է, իսկ ներքին խզումը՝ առավել նենգ և վտանգավոր։
Եկե՛ք քննենք․
1․ Եթե օտարը հարվածում է Եկեղեցուն, նա գործում է իր համոզմունքից ելնելով։ Բայց եթե Հայ Եկեղեցու սպասավորն է խզում եկեղեցական միասնությունը, ապա վերքը ներսից է բացվում։
2․ Մատնիչ Հուդան ավելի վտանգավոր եղավ, քան զինվորները, ում նա բերեց։ Զինվորները եկան դրսից, իսկ Հուդան՝ ներսից։ Եկեղեցու բազմադարյա պատմությունը ցույց է տալիս, որ արտաքին հալածանքը միշտ չէ, որ ամենամեծ վտանգն է. հաճախ առավել ծանր փորձությունը գալիս է ներսից, երբ խախտվում է եկեղեցական միասնությունը։
3․ Մերօրյա «Կենդանի Եկեղեցի». 1920-ական թվականներին բոլշևիկյան աթեիստական իշխանությունը, չկարողանալով հաղթել Եկեղեցուն դրսից, ստեղծեց «կարմիր քահանաների» մի խմբակցություն։ Այդ խոտորյալ հոգևորականները դաշինք կնքեցին չեկիստների հետ, ուրացան հայրապետական Աթոռը և փորձեցին ներսից քանդել Եկեղեցին։ Եթե որևէ հոգևորական գիտակցաբար ծառայում է այնպիսի գործողությունների, որոնք թուլացնում են Եկեղեցու նվիրապետական միասնությունը, ապա նրա վարքը վտանգավոր նմանություն է ստանում կարմիր քահանաների արարքների հետ։
4․ Մարդահաճությունը՝ Սուրբ Խորհրդի հաշվին. Քահանան, որը դպիրների և երգչախմբի հետ նախապես փորձված սցենարով կրճատում է Պատարագի ընթացքը, որպեսզի հաճոյանա եկեղեցադավ օրակարգին, կրկնում է Հուդայի արարքը։ Նա Աստծո Սուրբ Խորհուրդը զոհաբերում է հանուն սեփական հանգստության՝ վախկոտությամբ կատարելով վերևից տրված հակականոնական հրամանները։
5․ Առաքելական կանոնների համաձայն՝ Կաթողիկոսը ժողովրդի դետն է, գլուխը և օրենսդիրը, իսկ եկեղեցական գործերը պետք է կատարվեն միաբանությամբ, որպեսզի հերձված չառաջանա։ Ուստի Ս․Պատարագին Հայրապետի անվան դիտավորյալ զեղչումը ծանր հակականոնական արարք է և եկեղեցական միասնության խախտում։
6․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր կանոններով՝ առանց նվիրապետական Գլխի (Կաթողիկոսի) հիշատակման Պատարագը հակականոնական է։ Քահանան, ով վախից կամ մարդահաճությունից դրժում է իր ուխտը և զեղչում Հայրապետի անունը, իրականում ինքն իրեն դնում է ծանր հակականոնական վիճակի մեջ, խախտում է եկեղեցական միասնությունը, գայթակղություն է առաջացնում հավատացյալների մեջ, որն իր հերթին ծանրագույն մեղք է։
7․ Եկեղեցական կանոնների համաձայն՝ Կաթողիկոսն է ժողովրդի տեսուչը, գլուխն ու օրենսդիրը և ամենայն ինչ պետք է կատարվի ըստ նրա իշխանության և եկեղեցական կարգի։ Քանի որ Պատարագի սուրբ Խորհուրդը եկեղեցական միության ամենաբարձրագույն դրսևորումն է, առանց նվիրապետական գլխի՝ Կաթողիկոսի հիշատակման պատարագելը նշանակում է կտրվել եկեղեցական այդ միությունից, ինչը եկեղեցական կանոնների տրամաբանությամբ դեպի պառակտում և հերձված տանող ինքնագլուխ գործունեություն է:
Այսպիսով․ Եթե դրսում թուրք պաշտոնյան է երազում Կաթողիկոսի հեռացման մասին, իսկ ներսում հայ հոգևորականն է զեղչում Հայրապետի անունը, ապա ո՞րն է նրանց տարբերությունը։ Ո՞ւմ է ծառայում այդ հոգևորականը՝ Քրիստոսի՞ն, թե՞ նույն այն օտարամուտ օրակարգերին, որոնց նպատակը Վեհափառ Հայրապետի հեռացումն ու Հայաստանյայց Եկեղեցու Նվիրապետական կարգի տապալումն է։
Սամվել դպիր Գրիգորյան