Հայաստանի ցանկացած քաղաքացի՝ անկախ սեռից, դավանանքից, մասնագիտությունից և զբաղմունքից (բացառությամբ՝ օրենքով արգելված որոշ պետական պաշտոններ), այդ թվում՝ հոգևորականները իրավունք ունեն, նույնիսկ պարտավորություն զբաղվելու քաղաքականությամբ:
Ով հակառակը կասի՝ ուղղակի ծաղրածու է կամ էլ քարոզի տակ մնացած սակավամիտ:
Զբաղվել կամ հետաքրքրվել քաղաքականությամբ՝ կնշանակի մասնակիցը լինել սեփական միջավայրի և պետության լինելիության գործին: Իսկ հակառակը կնշանակի լինել անտարբեր:
Համոզում ունեմ, որ Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դարձնել պարտադիր, այնպես, ինչպես Ավստրալիայում, Արգենտինայում, Բելգիայում, Բրազիլիայում, Սինգապուրում, Կիպրոսում, նույնիսկ Թուրքիայում և այլուր: Սրանցից որոշներում չմասնակցության դեպքում գործում են տուգանքներ կամ, օրինակ, պետական պաշտոններ զբաղեցնելու արգելանք է դրվում, կամ էլ զրկվում են որոշակի հանրային ծառայություններ ստանալուց, իսկ Ավստրալիայում նույնիսկ կարող են բանտարկել:
Սա կստիպի մարդկանց անտարբեր չլինել սեփական պետության լինելությանը և մասնակիցը դառնալ քաղաքական գործընթացների: Նման երկրներում միջինում ընտրողների 90%-ը մասնակցում է:
Իսկ մինչ այս ստիպված ենք քչերով դիմակայել օտարահպատակ ռեժիմին և պայքարել այնքան, մինչև հայը կգա իշխանության:
Հովհաննես Ավետիսյան