Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը

«Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը
24.03.2026 | 10:55

Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում վերջին տարիներին ձևավորվել է հստակ մի միտում․ քաղաքական խոսքը աստիճանաբար պարզեցվում է՝ հաճախ իջնելով կենցաղային, երբեմն էլ կոպիտ պատկերավոր ձևակերպումների մակարդակի։

Նիկոլ Փաշինյանի «կարտոֆիլ ուտողներ», «լավաշ ուտողներ», «սև իկռա ուտողներ» բաժանումները հենց այս միտման բնորոշ դրսևորումներից են։

Փաշինյանի խոսքը դասական պոպուլիստական հռետորաբանության օրինակ է։ Հասարակությունը բաժանվում է «պարզ ժողովրդի» և «էլիտայի», իսկ իշխանությունը փորձում է ներկայանալ որպես ժողովրդի բնական շարունակություն, անգամ այն դեպքում, երբ արդեն ձևավորվել է որպես հասարակությունից կտրված, օտարացած ինստիտուցիոնալ և սոցիալական շերտ։

Ութ տարի իշխանության գտնվելու պայմաններում «մենք նույնն ենք, ինչ ժողովուրդը» թեզը աստիճանաբար կորցրել է իր արժանահավատությունը, հատկապես երբ սոցիալ-տնտեսական խնդիրների զգալի մասը մնում է չլուծված։ Այս իրավիճակում պոպուլիզմը դադարում է լինել մոբիլիզացնող գործիք և ավելի շուտ վերածվում է քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միջոցի։

Միևնույն ժամանակ, նման հռետորաբանությունը պայմանավորված է ոչ միայն իշխանության ընտրությամբ, այլ նաև ընդդիմության տևական բացերով։ Տրանսպորտով աշխատանքի գնացող քաղաքացին, փոքր բիզնեսի ներկայացուցիչը, ոչ նոմենկլատուրային մտավորականը հաճախ չեն տեսնում իրենց շահերի հստակ արտահայտումը ընդդիմադիր դաշտում։ Արդյունքում ձևավորվում է ներառականության վակուում, որը լցվում է պարզ, հասկանալի, բայց մակերեսային նարատիվներով։

Այս պայմաններում ընտրական վարքագիծը հաճախ ձևավորվում է ոչ թե ծրագրային ընտրության, այլ պրիմիտիվ կարգախոսների ազդեցության ներքո։ Պարզ, հուզական և «ծանոթ» լեզուն մրցունակ է դառնում ավելի բովանդակային, սակայն վատ կոմունիկացված առաջարկների նկատմամբ։ Քաղաքական մրցակցությունը տեղափոխվում է մի հարթություն, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքականության որակը, այլ դրա ներկայացման արդյունավետությունը։

Երկարաժամկետ հեռանկարում այս միտումը պարունակում է լուրջ ռիսկեր։ Խորանում է հասարակական բևեռացումը, նեղանում է քաղաքական քննարկման բովանդակությունը, իսկ պատասխանատվության ինստիտուտը թուլանում է։ Քաղաքականության «կենցաղայնացումը» ստվերում է համակարգային խնդիրները՝ տնտեսության կառուցվածքը, սոցիալական արդարության հարցերը, պետական կառավարման արդյունավետությունը։

Անհրաժեշտ են համակարգային լուծումներ:

Իշխանությունը պետք է անցնի հաշվետու կառավարման հստակ օրակարգի, իսկ ընդդիմությունը պետք է կարողանա ձևակերպել հասկանալի, վստահելի և բովանդակային այլընտրանք այն սոցիալական շերտերի համար, որոնք այսօր իրենց ներկայացված չեն զգում։

Միայն այս դեպքում հնարավոր կլինի քաղաքական դիսկուրսը վերադարձնել բովանդակային դաշտ և սահմանափակել պոպուլիզմի ազդեցությունը հանրային կյանքի վրա։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 21380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ