Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ  Սերժ  Սարգսյանին
17.02.2014 | 23:03

Մեծ հավատով դիմում եմ Ձեզ, հուսալով, որ Դուք ձեռք կառնեք համապատասխան միջոցներ ընկերության ոտնահարված իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար:
Ես` Արտակ Բաբկենի Տոնապետյանս, 2007-ին, առողջական խնդիրների պատճառով, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ ՀՀ ՆԳՆ ՔՀԲ ծառայությունից: Նույն թվականին մեկնել եմ ՌԴ` աշխատելու: 2012-ին վերադարձել եմ Հայաստան: 2013-ի հունիսից Գարեգին Նժդեհի 30 հասցեում գտնվող 30 քմ տարածքում ձեռնարկել եմ մանրածախ առևտուր` կոնֆետի խանութ: Բացման օրվանից մինչ այսօր Շենգավիթի հարկային տեսչությունը մեզ լարված վիճակում է պահում իր անօրինական գործողություններով:
20.01.2014 թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից «Ռուբինա և Դավիթ» ՍՊ ընկերությունը ստացել է թիվ 2221627 արձանագրությունը հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ, որով ՀՏ-ի աշխատակիցները նշում են, իբր կատարել են գնումներ Գ. Նժդեհի 30-27 հասցեում գտնվող «Ռուբինա և Դավիթ» ՍՊԸ հրուշակեղենի խանութից, և ՍՊԸ-ն թույլ է տվել հսկիչ դրամարկղի խախտում:
Տվյալ արձանագրության վերաբերյալ հայտնում եմ, որ արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում, այն տեղի է ունեցել հետևյալ կերպ.
14.01.2014 թ. ժամը 17:00-ի սահմաններում խանութ մտավ տարածքային հարկային տեսչության տեսուչ Արմեն Քեքեջյանը և խնդրեց հանել Z հաշվետվությունը: Թույլ տրվեց հանել հաշվետվությունը, քանի որ նա մեր տարածքը սպասարկող տեսուչն էր: Քեքեջյանը հաշվետվությունը հանեց և երկար նայելուց հետո տեղեկացրեց Նարեկ Տաշչյանին, ով հանդիսանում է խանութի վաճառողը, որ հաշվետվության մեջ բացակայում է 550 դրամը, և հորինեց, թե մի կին գնում է կատարել մեր խանութից 550 դրամի չափով և մենք նրան կտրոն չենք տրամադրել: Երբ մենք հարցրինք, թե ի՞նչ կին է և ո՞ւր է այդ կինը, տեսուչը պատասխանեց, որ այդ կինը եղել է իրենց աշխատակցուհին, այնինչ ակտում նշված է, որ ստուգիչ գնում է կատարել տարածքի սպասարկող տեսուչ Հովիկ Ազարյանը: Մեր օրինական պահանջներին նա այլևս չպատասխանեց և որևէ փաստաթուղթ այդ ընթացքում ցույց չտվեց ու հեռացավ: Վերադարձավ 40 րոպե անց, մյուս սպասարկող տեսուչ Հովիկ Ազարյանի հետ, որին մենք ճանաչում ենք և այդ օրը չէինք տեսել: Նշեմ, որ Հովիկ Ազարյանը ներս մտնելուն պես ցույց տվեց Z հաշվետվությունը և ասաց, որ 550 դրամը բացակայում է, որից հետո նրանք ցույց տվեցին ինչ-որ փաստաթղթեր և հեռացան: Հաջորդ օրը, երբ խոսեցինք հարկային տեսչության աշխատակիցների և իրենց ղեկավարի հետ, թվաց, թե նրանք հասկացան, և դա ընդամենը թյուրիմացության արդյունք է: Չնայած դրան, կազմվեց թիվ 2221627 արձանագրությունը և պահանջվեց վճարել 300000 դրամ տուգանք, այն դեպքում, երբ ՍՊԸ-ն գտնվում է ֆինանսական ծանր վիճակում, իսկ խանութի ընդհանուր ապրանքի գումարը չի գերազանցում 300000 դրամը: Նման դեպքում հարկային տեսչության գործողության պատճառով ՍՊԸ-ն, գտնվելով ֆինանսական ծանր վիճակում, կարող է և սնանկանալ:
Մեծարգո պարոն նախագահ, ես էլ ո՞ւմ դիմեմ, եթե ոչ Ձեզ, ընկերության նկատմամբ կատարված անարդարությունները պարզելու համար:
Կանխավ շնորհակալություն:


Հարգանքներով`
Արտակ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ
«Ռուբինա և Դավիթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար

Դիտվել է՝ 3960

Մեկնաբանություններ