Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

TRIPP․ ճանապարհ դեպի խաղաղությո՞ւն, թե՞ Սյունիքի վրա մեծ աշխարհաքաղաքական խաղի նոր փուլ

TRIPP․ ճանապարհ դեպի խաղաղությո՞ւն, թե՞ Սյունիքի վրա մեծ աշխարհաքաղաքական խաղի նոր փուլ
12.09.2026 | 14:06

(վտանգավոր ու վատ հաշվարկված գաղափարները՝ միայն աղբարկղ)

TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի շուրջ արդեն այնքան է խոսվել, որ կարելի է հեշտությամբ մոլորվել իրարամերժ գնահատականների մեջ։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանություններն են համոզում, որ բացվում է տնտեսական զարգացման, խաղաղության և տարածաշրջանային հաղորդակցությունների նոր դարաշրջան։ Մյուս կողմից՝ մասնագետներ ու վերլուծաբաններ են մատնանշում հնարավոր վտանգները։ ԱՄՆ-ի ու Եվրոպան ծրագրի մեջ տեսնում են նոր տնտեսական ու ռազմավարական հնարավորություն, Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց վաղուց հետապնդած հաղորդակցական նպատակների իրականացման ճանապարհ, իսկ Իրանը՝ իր անվտանգության ու տարածաշրջանային դիրքի վրա հնարավոր ազդեցություն։

Ես չեմ հավակնում վերջին ճշմարտությունն ասելու։ Փորձել եմ կողք կողքի դնել հասանելի փաստերը, կողմ և դեմ տեսակետները, հարցեր բարձրացնել և ընթերցողին թողնել եզրահանգման հնարավորությունը։ Որովհետև հարցն անչափ կարևոր է՝ ի՞նչ է ստանալու Հայաստանը և ի՞նչ կարող է կորցնել։

Եթե ճանապարհ է բացվում՝ հրաշալի է։ Հայաստանին ճանապարհներ են պետք, հաղորդակցություններ են պետք, առևտրի ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են պետք։ Տասնամյակների մեկուսացումը մեզ ոչինչ լավ բան չի տվել։ Կուզեինք Հայաստանը դառնար միջազգային խաչմերուկ՝ այնպիսի խաչմերուկ, որտեղ հանդիպում են ճանապարհները, ապրանքները, ներդրումները և ժողովուրդները, բայց ոչ բանակներն ու պատերազմի նոր վտանգները։

Սակայն այստեղ էլ հենց առաջին հարցն է առաջանում․ այդ խաչմերուկից ո՞վ որքան է շահելու։ TRIPP-ը նախատեսում է Հայաստանի հարավով՝ Սյունիքով, Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջևանը կապող հաղորդակցական համակարգ։ Խոսքը միայն ճանապարհի մասին չէ։ Ծրագիրը ներառում է երկաթուղային, էներգետիկ և կապի ենթակառուցվածքներ։ Վերջապես՝ Հայաստանի ամենազգայուն հատվածում նոր տնտեսական ու աշխարհաքաղաքական հանգույց է ստեղծվելու։ Ծրագրի կողմնակիցների փաստարկները գրավիչ են։ Հայաստանի համար կարող են բացվել նոր ներդրումների, աշխատատեղերի, տարանցիկ եկամուտների և միջազգային տնտեսական կապերի հնարավորություններ։ Եթե տարածաշրջանի հաղորդակցությունները բացվեն, Հայաստանը կարող է դուրս գալ փակուղուց և դառնալ տարանցիկ կարևոր երկիր։

Ադրբեջանի շահը նույնպես պարզ է՝ իր հիմնական տարածքը ցամաքային կապով կապել Նախիջևանին։ Թուրքիայի համար դա նշանակում է ավելի անմիջական հաղորդակցություն Ադրբեջանի և, նրա միջոցով, Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ ԱՄՆ-ը ստանում է տնտեսական ու ռազմավարական ներկայության հնարավորություն Հարավային Կովկասում, իսկ Եվրոպան՝ նոր հաղորդակցային ուղի և առևտրային կապերի բազմազանեցման հնարավորություն։ Բայց այստեղ երկրորդ, ավելի կարևոր հարցն է առաջանում․ իսկ Հայաստանի շահը նույնքան հստակ, կոնկրետ ու չափելի՞ է։ Ադրբեջանի համար TRIPP-ը նպատակ է։ Թուրքիայի համար՝ աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավորություն։ ԱՄՆ-ի համար՝ տարածաշրջանային նոր լծակ։ Հայաստանի համար այն առայժմ հնարավորություն է, որը կարող է վերածվել շահի, եթե պայմանները ճիշտ «աշխատեն»: Հայաստանը կշահի, եթե բացվեն նաև մյուս հաղորդակցությունները, եթե տնտեսական օգուտը չմնա խոստումների մակարդակում, եթե մենք ինքներս էլ լիարժեք օգտվենք բացվող ճանապարհներից, եթե Հայաստանը չդառնա պարզապես ուրիշներին ճանապարհ տրամադրող երկիր։ Մի խոսքով՝ Հայաստանը ճանապարհի վրա կանգնած անցակետ չպետք է լինի։ Հայաստանը ինքը պետք է դառնա ճանապարհների շահառու։

Պաշտոնական ներկայացմամբ՝ Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը, պետական սահմանի, մաքսային վարչարարության, իրավապահ և անվտանգության լիազորությունները։ Բայց ինքնիշխանությունը թղթի վրա և իրական տնտեսական ու քաղաքական վերահսկողությունը միշտ նույն բանը չեն։ ԱՄՆ-ին նախատեսվում է 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս, իսկ հողօգտագործման և կառուցապատման իրավունքները նախատեսվում են սկզբնական 49 տարվա համար։Հայ ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ եթե Հայաստանի տարածքում տասնամյակների համար ստեղծվում է խոշոր տնտեսական համակարգ, որի կառավարման հիմնական բաժնեմասը սկզբում հայկական կողմի ձեռքում չէ, ապա ո՞վ և ինչպե՞ս է որոշելու այդ համակարգի տնտեսական առաջնահերթությունները։ Հարցեր են՝ Որքա՞ն է ներդրվելու։ Որքա՞ն է ստանալու Հայաստանը։ Որքա՞ն են լինելու հարկային ու մաքսային մուտքերը։ Որքա՞ն է լինելու Հայաստանի բաժնից ստացվող եկամուտը։ Ի՞նչ պարտավորություններ է ստանձնում պետությունը։ Եվ ի՞նչ է տեղի ունենալու, եթե կանխատեսված բեռնափոխադրումները չիրականանան։Սրանք շատ ավելի կարևոր հարցեր են, քան «մեծ տնտեսական հնարավորություն» արտահայտությունը։

Իսկ տարածաշրջանային անվտանգությո՞ւնը: Սյունիքը երկրի ամենազգայուն հատվածներից է՝ Իրանի անմիջական հարևանությամբ։ Իրանը բացահայտ մտահոգություն է հայտնել արտաքին, մասնավորապես ամերիկյան ներկայության հնարավոր ընդլայնման կապակցությամբ։ Այդ մտահոգությունը անտեսել չի կարելի։ Եթե վաղը ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները «կրիտիկական» սրվեն, իսկ Սյունիքում հայտնվի ամերիկյան մասնակցությամբ խոշոր տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգ, ո՞վ է երաշխավորելու, որ այդ հակամարտության հետևանքները չեն հասնի Հայաստանի հարավ։ Նույն հարցը, այլ տեսանկյունից, վերաբերում է Ռուսաստանին ու Չինաստանին։ Հարավային Կովկասը վաղուց արդեն միայն փոքր պետությունների տարածաշրջան չէ։ Այստեղ հատվում են մեծ տերությունների տնտեսական, քաղաքական և անվտանգային շահերը։

Այս ամենը չեն ասում՝ ծրագիրը պետք է մերժել։ Ասում են՝ նախ պետք է հաշվել։ Հաշվել մեր երկրի օգուտը, պարտավորությունները, անվտանգության երաշխիքները, տնտեսական իրական շահը և այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու մյուս ուժերի շահերի բախման դեպքում։ Որովհետև որքան էլ ցանկանանք հավատալ միայն խաղաղության, ներդրումների ու բարգավաճման խոստումներին, դրանց կողքին կան նաև հարցեր, որոնց պատասխանները դեռ պետք է ստանալ։ Եթե այդ պատասխանները բավարար են՝ ճանապարհները թող բացվեն։ Եթե ոչ՝ Հայաստանը չպետք է շտապի։Որովհետև ճանապարհը կարող է դառնալ խաղաղության ճանապարհ միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է ոչ թե Հայաստանի հաշվին, այլ Հայաստանի շահի հետ միասին։

Իսկ այն վտանգների մասին, որոնք առաջին հայացքից չեն երևում՝ իրավականից մինչև ենթակառուցվածքային ու թվային, կանդրադառնանք հաջորդ հոդվածում։

Շարունակելի

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ