2002-ին Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում բացվեց «Ազատագրության բանակ» զորամիավորման գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Հովանավորների թվում էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ԱԺ պատգամավորներ, գործարար Աշոտ Աղաբաբյանը և ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը։ Քանդակի հեղինակն էր քանդակագործ Տիգրան Արզումանյանը, ով հայտնի է մի շարք բարձրարվեստ աշխատանքներով (Անդրեյ Սախարովի կիսանդրին համանուն հրապարակում, «Սասունցիների պարը» «Դվին» հյուրանոցի առջև, Սլավիկ Չիլոյանի կիսանդրին «Առագաստ» սրճարանի հարևանությամբ և այլն)։ Հուշարձանը տեղադրվում է, հանդիսավոր բացումն է կատարվում, բոլորը գոհ են և երջանիկ։ Սակայն մի մթին ամպ է մնում։ Բանն այն է, որ Տիգրան Արզումանյանին մոտ երեք հազար դոլար պակաս է վճարվում։ Միջոցառման կազմակերպիչ, ՀՀԿ նախկին տնտեսական գծով փոխնախագահ Հայկ Գևորգյանը բազմիցս հանդիպում է ՀՀ վաստակավոր նկարիչ Տ. Արզումանյանի հետ, խոստանում այսօր-վաղը լուծել խնդիրը և ներկայացնում, թե Գուրգեն Արսենյանն իր խոստացած գումարը ոչ մի կերպ չի վճարում։
Իսկապե՞ս այս գումարն Արսենյանը չի վճարել, թե՞ Գևորգյանն է «տակով արել», անհայտ է։ Իսկ քանդակագործը, հավանաբար, վաղուց խաչ է քաշել նշյալ գումարի վրա։ Իսկ դեպքը հիշարժան է, քանզի լրացավ այս յուրօրինակ «քցման» տասը տարին։ Այնպես որ, սա էլ իր տեսակի մեջ է հոբելյան։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ