Խորհրդարան անցած ընդդիմությունից ամենաանորոշը «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի հարցն է: Եթե ՀԱԿ-ում և ՀՅԴ-ում կարծես թե որոշ չափով հստակություն կա, ապա «Ժառանգության» շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում են: Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է իր խմբակցության կազմում տեսնել նաև Անահիտ Բախշյանին ու, որպեսզի իր ցանկությունը կյանքի կոչի, նա ինքնաբացարկ կհայտարարի: Ի միջի այլոց, այսօր Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես գալու։ Սակայն մինչ Բախշյանին հերթ հասնելը ցուցակում կան մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն համաձայնի իրենց տեղը զիջելուն: Նման մտադրություն հայտնել է միայն Ստեփան Սաֆարյանը: Սակայն ինչպես մեզ հայտնի դարձավ, Հովհաննիսյանն իր մանդատը վայր է դնելու կոնկրետ նպատակով, և, ուզած-չուզած, մյուսները ևս պետք է ընդունեն խաղի այդ կանոնը:
Ի դեպ, հին «ժառանգականների» մեջ կա մի խուլ, գուցեև արդարացված դժգոհություն, թե ինչու պիտի այս տարիներին իրենց շնորհիվ քաղաքական այս ուժի վարկանիշն ինչ-որ սանդղակի հասնի, բայց խորհրդարանում հայտնվեն մարդիկ, ովքեր այդ ամենի հետ որևէ կապ չունեն: Ասում են` Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն գիտակցում է, որ այնքան էլ ճիշտ որոշում չէր «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով ընտրությունների գնալը, քանի որ իր նախկին թիմի կորիզն այսօր լուսանցքում է հայտնվել: ՈՒ, որպեսզի իրավիճակը փոքր-ինչ շտկի, նման ծայրահեղ քայլի է դիմում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ