ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

«Ի՞նչ վատ բան կա, որ նույն հայացքների տեր մարդիկ մեկ խմբում լինեն»

«Ի՞նչ վատ բան կա, որ նույն հայացքների  տեր մարդիկ մեկ խմբում լինեն»
17.04.2012 | 00:00

Հայաստանի արձակագիրների «Կայարան» ակումբը հրատարակության է պատրաստում «Արդի արձակ» հանդեսը: Նորաստեղծ ակումբը գործում է ամեն չորեքշաբթի ժամը 4-ից` «Էդիթ պրինտ» գրատանը (Տիգրան Մեծի պող. 65):

Արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ակումբի ստեղծման նպատակը ժամանակակից հայ արձակի պրոպագանդումն է, հեղինակային իրավունքի պահպանումը: Նրա խոսքով` չկա պետական հոգածություն մշակույթի հանդեպ, երբեմն որոշ հրատարակիչներ անդրադառնում են դասականներին, վերահրատարակում, բայց ժամանակակից գրողն այսօր պրոպագանդված չէ:

Նշենք, որ նախաձեռնող խմբի անդամներն են Հովհաննես Երանյանը, Հովիկ Վարդումյանը, Սուսաննա Հարությունյանը, Հուսիկ Արան, «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:

Հրատարակիչների և գրողների համագործակցությունը վերջին շրջանում բավականին ակտիվ է: Համատեղ կազմակերպում են մրցույթներ, միջոցառումներ, շնորհանդեսներ, ինչը, Սուսաննա Հարությունյանի կարծիքով, գրական դաշտը դարձնում է բազմազան, բացի դրանից, արտասահմանյան հրատարակիչները թարգմանված գործերը հրատարակելու համար պայմանագիր են կնքում ոչ թե անձի կամ որևէ միության, այլ հրատարակչությունների հետ: Այս առումով երբեմն խնդիրներ են առաջանում:

Հարկ է նկատել, որ «Կայարան» ակումբի նախաձեռնող խմբի անդամները հիմնականում միջին սերնդի գրողներ են: «Նույնիսկ ընտանիքում սերունդների հակասությունները, տարբերությունը զգացվում են, ի՞նչ վատ բան կա, որ նույն հայացքների տեր մարդիկ մեկ խմբում լինեն»,- ասաց զրուցակիցս: Իսկ թե ինչու` արձակագիրների ակումբ, Սուսաննա Հարությունյանը պարզաբանեց, որ, իր կարծիքով, մեր արձակը ավելի ներկայանալի է, քան պոեզիան, կարելի է առանց վարանելու պրոպագանդել, հրատարակել, դրսում ներկայացնել, նաև գումար վաստակել:

Նշենք, որ, ի տարբերություն գրական այլ ամսագրերի, նորաստեղծ հանդեսի որոշ համարներ կտրամադրվեն մեծածավալ գործերի` վիպակի, վեպի համար: Հանդեսում առանձին բաժնով կներկայացվեն նաև մանկագիրների գործերը:

«Կայարան» ակումբը գործում է ոչ թե գրողների միությունում, այլ առանձին վայրում, սակայն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ հակադրվելու խնդիր չունեն: «Մեր ակումբի անդամների մեծ մասը ՀԳՄ անդամ է: Եթե գրականությունը տաճար է, թող այդ տաճարին ծառայի ոչ թե 7, այլ 700 հոգի»,- ասաց նա:

Լուրերը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ