Այս ընտրությունների ամենահետաքրքիր պահն այն էր, որ ամենազորության լիքը տաբուներ ջարդվեցին. նախագահների` թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ Հովիկ Աբրահամյանի. «տեսակետ» կար, որ եթե նա չլինի շտաբի պետ, չկանգնի ընտրությունների գլխին, փուչիկները կպայթեն, միտինգի մասնակիցները կգնան միանալու Տեր-Պետրոսյանի միտինգի մասնակիցներին, մի խոսքով` «դեպոն կկանգնի», և այդպե՜ս շարունակ:
Բանն այն է, որ մեր Հովհաննեսը` Արգամիչ, շատ զարմացած է եղել ընտրությունների օրը ՀՀԿ շտաբ եկող ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի տոկոսներից (հիշենք, որ նա վերցրել էր պատասխանատվություն, որ ՀՀԿ-ի համար կապահովի 35 տոկոս, իսկ «եկող թվերն անցնում էին քառասունհինգը, իսկ ՕԵԿ-ի մասով ամեն ինչ արվել էր, որ վերջինս պառլամենտում չհայտնվի):
Այդ տոկոսները միանշանակ ֆիքսել են` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին անցնում են 50 + 1-ը` ստախանովյան տեմպերով:
Բայց, բոլոր դեպքերում, նա ՀՀԿ համամասնականի երկրորդ համարն է, որպես օրինաչափություն երկրորդ համարը պետք է. ա) վարչապետ գնա, կամ` բ) գոնե «կեսը… հետո»` ԱԺ նախագահ դառնա:
ՈՒ քանի որ Սերժ Սարգսյանը մի նեղ միջավայրում ասել է` տեսնենք, չեմ բացառում, որ մեկ էլ ու այդպես լինի, Հովհաննեսի դեմ աշխատողների բանակն ահավոր «կուռ է, սուր է, միշտ ամուր է» դարձել, ինչպես երբեք:
Եվ ուրեմն` շաբաթ օրը պարոն Ռուբեն Հայրապետյանը (հիշենք, որ նա նախորդ պառլամենտ եկավ այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց) Սերժ Սարգսյանի հետ հանդիպել և ներկայացրել է իր «տեսլականները»` խնդրո առնչությամբ:
Ասում են` հանդիպումն անցել է փոխադարձ ջերմ, կառուցողական մթնոլորտում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ