ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նարեկ Դուրյանը կներկայացնի «Տիկնիկների խանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը

Նարեկ Դուրյանը կներկայացնի «Տիկնիկների խանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը
02.03.2017 | 10:06
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մարտի 25-ին հանրության դատին կհանձնի «Տիկնիկների խանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջերս բեմադրված «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, և հանդիսատեսի պահանջով Դուրյանը սկսեց աշխատել նոր ներկայացման վրա:
«Երեխաները շատ սիրեցին «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը, մինչև այսօր հեռախոսազանգերը չեն դադարում, հանդիսատեսը մանկական ներկայացում է պահանջում: Պատրաստեցինք նոր ներկայացում: Բեմադրությունը Նարեկ Դուրյանինն է: Ներկայացման մեջ ներառված է 5-6 մանկական երգ, որոնք հեղինակել է հենց Դուրյանը: «Տիկնիկների խանութ»-ի հիմքում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, բայց կան նաև այլ հերոսներ»,-տեղեկացնում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Գործողությունները տեղի են ունենում տիկնիկների խանութում: Երբ բոլորը քնում են, տիկնիկներն արթնանում են ու ապրում իրենց կյանքով: ՈՒ..հեքիաթը սկսվում է: Ուսուցողական և յուրահատուկ այս ներկայացման մեջ ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման մեջ ներգրավված են Նարեկ Դուրյանի ուսանողները, որոնց մանուկ և պատանի հանդիսատեսը հասցրել է սիրել:
«Մենք պետք է պահպանենք մեր ազգային հեքիաթները և, այնուամենայնիվ, պետք է 21-րդ դարի շունչ մտցնենք դրանց մեջ: Այսինքն` ժամանակակից դարձնենք դրանք, որ 21-րդ դարի երեխան կարողանա մեկ ժամ նստել, լարված դիտել և սիրել հերոսներին: Ի դեպ, մեծերը ևս մեծ հաճույքով կդիտեն ներկայացումը»,- հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը:
Պրեմիերայից հետո «Տիկնիկների խանութ»-ը կհամալրի «Բոհեմ»-ի խաղացանկը` ամեն շաբաթ և կիրակի ցուցադրվելով թատրոնի բեմում:
Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ