Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Մարդկային հակասությունների և քաղաքական գործընթացների հետևանքները երբեմն հարվածում են նաև ամենաանպաշտպան էակներին

Մարդկային հակասությունների և քաղաքական գործընթացների հետևանքները երբեմն հարվածում են նաև ամենաանպաշտպան էակներին
10.07.2026 | 11:34

Վերջին օրերի իրադարձություններից հետո որոշեցի կիսվել իմ կյանքի ամենացավալի հիշողություններից մեկով։

2024 թ. հունիսի 19-ին, հասարակական վայրերում կնոջս հետ զբոսնելիս, արդեն բոլորիս հայտնի շոու սցենարներից մեկով բեմադրված`քաղաքացիական հագուստով ուժայիներն ինձ առևանգեցին ու հետո ձերբակալեցին։

Բայց դրա մասին չէ ասելիքս այլ մի ցավալի իրողության։

Իմ ձերբակալությունից անմիջապես հետո ինձ և ընտանիքիս հասցվեց ևս մեկ ծանր հարված։

Իմ սիրելի գամփռ Ասլանին ինչ-որ դիմակավորված անձինք անձնական տարածքում, որտեղ պահվում էր կենդանին, կրակել ու սպանել էին։

Ասլանը պարզապես կենդանի չէր։ Նա իմ ընտանիքի անդամն էր, իմ հավատարիմ ընկերը։

Բայց նրա պատմությունն ավելի խորն էր. նա 2020 թվականի պատերազմում զոհված հերոսի ընտանիքի նվերն էր ինձ։

Այդ նվերի արժեքը միայն մի շան մեջ չէր։ Ասլանն իր մեջ կրում էր մի ամբողջ հիշողություն՝ այն մարդկանց հիշողությունը, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Նա ինձ համար կապ էր մեր հերոսների, նրանց ընտանիքների և այն արժեքների հետ, որոնց նկատմամբ մենք բոլորս պարտավոր ենք պատասխանատվություն կրել։

Այսօր ես ցավ եմ ապրում այն գիտակցումից, որ երբեմն մարդկային հակասությունների և քաղաքական գործընթացների հետևանքները կարող են հասնել նաև ամենաանպաշտպան էակներին՝ նրանց, ովքեր որևէ մեղք չունեն և որևէ կապ չունեն տեղի ունեցող պայքարի հետ և դեռ լավ է, եթե խոսքը միայն կենդանիներին է վերաբերվում։

Յուրաքանչյուր պետության իրական ուժը չափվում է ոչ թե նրանով, թե որքան կարող է պատժել, կամ ստորացնել, այլ նրանով, թե որքանով է կարողանում պահպանել արդարությունը, օրենքը և մարդասիրությունը։

Ցավոք, փոխարենը մենք մեր կաշվի վրա զգում ենք ամեն օր, թե ինչպես է ամենախորը արմատներից արմատախիլ արվում մարդկային արժանապատվությունը, հարգանքը, մարդասիրությունը, որոնք մեր ազգային արժեքների կարևոր հիմքերն են։

Մարդկային արժանապատվության ստորացումն ու ոտնահարումը որևէ աղերս չի կարող ունենալ արդարադատության հետ, նույնիսկ ավելին` դրա առկայության դեպքում արդարադատությունը տկար է։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՊ կուսակցության նախագահ

Հ․Գ․

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը անազատության մեջ է և ունի առողջական խնդիրներ։

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ