ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ինչ գեղեցիկ է, նոր չէ, իսկ, ինչ նոր է, գեղեցիկ չէ»

«Ինչ գեղեցիկ է, նոր չէ, իսկ, ինչ նոր է, գեղեցիկ չէ»
16.05.2013 | 18:11

«Անուշ» օպերայի նոր մեկնաբանությունը խոստանում էր լինել գարնան ամենակարևոր իրադարձությունը: Պետք է ասել, որ հայ-ֆրանսիական այս նախագիծը անարձագանք չմնաց: Պրեմիերան կայացավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դրանից հետո մի խումբ մտավորականներ հանրապետության նախագահին դիմեցին բաց նամակով` պահանջելով արգելել ներկայացման «արտահանումը» արտասահման, նաև խստագույնս պատժել մեր ազգային հպարտությունների հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին: Նամակում նշված էր, որ այդ օրը նախագծի հեղինակները սպանեցին Տիգրանյանին ու Թումանյանին (ի դեպ, «Անուշին սպանել էին մինչ պրեմիերան»)։

Նախագծի հեղինակներն անպատասխան չթողեցին նախագահին ուղղված նամակը` հիշեցնելով ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածը` «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք»:
Թե ինչ տվեցին բաց նամակները հանրությանն ու «Անուշին», դժվար է ասել: Կապրի՞ ներկայացումը, թե՞ ոչ, թողնենք ժամանակի քննությանը:
Առողջ գնահատական լսելու հույսով դիմեցինք Դանիել Երաժշտին (ի դեպ, զարմանալի է, որ այս ողջ եռուզեռի ընթացքում լսելի չէր մաեստրոյի ձայնը):
Ի պատասխան մեր հարցի` հավանե՞լ եք Սերժ Ավետիքյանի բեմադրությունը, թե՞ ոչ, Դանիել Երաժիշտն ասաց, որ «Անուշի» այս նոր ներկայացումը լավագույնս կարելի է գնահատել Ջոակինո Ռոսսինիի խոսքերով. «Երբ մի կոմպոզիտոր ցանկացել էր իմանալ Ռոսսինիի կարծիքն իր նոր գործի մասին, վարպետն ասել էր. «Երիտասարդ, ձեր ստեղծագործությունում առկա է և գեղեցիկը, և նորը, բայց այն, ինչ գեղեցիկ է, նոր չէ, իսկ այն, ինչ նոր է, գեղեցիկ չէ»:
Հետաքրքրվեցի` ինչ կարծիք ունի մաեստրոն սպառնալիքի ոճով գրված նամակի առնչությամբ: «Պատիժ բառը խորթ է մեզ, հոգնել ենք պատիժներից»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին` կո՞ղմ է նորարարական նախաձեռնություններին, թե ոչ, պատասխանեց.- «Այստեղ մեզ օգնության է հասնում Բեթհովենը. «Չկա մի կանոն արվեստում, որ հնարավոր չլինի խախտել, միայն թե դա պետք է արվի հանճարեղաբար»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ