Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հովիկ Աբրահամյան․ «Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը»

Հովիկ Աբրահամյան․ «Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը»
17.05.2014 | 13:07

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վարչապետ Աբրահամյանը խոստացել է, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը և իր ողջ գործիքակազմով աջակցելու է բնագավառի զարգացմանը:
«Աջակցությունն իրականացվելու է հիմնականում հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին», - ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ասել է Աբրահամյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում՝ շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով:
«Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար: Կողմերը պայմանավորվել են հաճախ հանդիպել:

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ