Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ֆրանսիացի պատգամավորը չի մոռացել Կարեն Պետրոսյանին

Ֆրանսիացի պատգամավորը չի մոռացել Կարեն Պետրոսյանին
05.09.2014 | 17:54

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ հայ- ֆրանսիական բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի և Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության համատեղ մամուլի ասուլիսը:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կարևորեց ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան: Նա նշեց, որ կարևորում է Ադրբեջանի քաղաքականության դատապարտումը ֆրանսիական պատվիրակության ղեկավարի կողմից:
ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ կարևորում է այս պատվիրակության այցը, քանի որ նրանք մշտապես պաշտպանել են Հայ Դատը և հայ ժողովրդի իրավունքները:
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուն նշեց, որ իրենց այցն ունի քաղաքական նպատակ: Նա հիշեց ցեղասպանությունը, նշեց, որ այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունենալու գիտաժողով՝ նվիրված հայերի ցեղասպանության մասին բարձրաձայնած Ժան Ժորեսին: Բրյունո լը Ռուն կարևորեց հայկական սփյուռքի դերակատարումը, հատկապես՝ Հայ հեղափոխական դաշնակցության կապերը և
համագործակցությունը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտումներին, ապա նա նշեց, որ պետք է այդ ուղղությամբ աշխատեն կառավարությունները: Նա ասաց, որ ինքը Ֆրանսիայի Ազգային ժողովում խոսել է Կարեն Պետրոսյանի անհետացման մասին:
Բրյունո լը Ռուն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի օրինագծին, ասաց, որ անհրաժեշտ է քրեական հետապնդում իրականացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն ցեղասպանության փաստը: Եվ դա նա չի համարում քաղաքական խնդիր:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ.- Հետաքրքիր է, որ մամուլի ասուլիսը վարող ԱԺ աշխատակցուհին ասուլիսի սկզբում չներկայացրեց հյուրերին, չխոսեց ընդհանրապես այն մասին, թե ինչ թեմայով է այն հրավիրվել, այլ միայն ազդարարեց ասուլիսի մեկնարկի մասին:

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ