Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Էդուարդ Նալբանդյան․ Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից

Էդուարդ Նալբանդյան․ Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից
06.09.2014 | 21:01

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում հրապարակվել է Հայաստանի արտգործնախարարի հոդվածը, որում Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Էրդողանը կընդունի Հայաստանի նախագահի հրավերը և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կայցելի Երևան:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը տարածել է Նալբանդյանի հոդվածի ամբողջական հայերեն տեքստը, որում, արտգործնախարարը «բաց թողնված հնարավորություն» է որակում 2014 թվականի ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Էրդողանը Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին», իսկ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ձևակերպել էր որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակել իբրև «ընդհանուր ցավ»:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որևէ մեկին կարող են մոլորեցնել», - ասված է նախարարի հոդվածում, - «Հատկապես, երբ Ահմեդ Դավութօղլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»: Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում»:
Նալբանդյանը գրում է, որ ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը կարող են ճանապարհ հարթել երկու ժողովուրդների հաշտեցման համար:
«Պատմական հարթության ենթահանձնաժողովը, ինչպես նախատեսված է արձանագրություններով, կարող է հաստատել երկխոսություն երկու ազգերի միջև փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով: Դա հնարավոր չի լինի անել՝ հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության եղելությունը», - հավելում է Հայաստանի արտգործնախարարը:
«Ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը գրեթե 100 տարի է, ինչ սպասում է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաշտության իրական ցանկությունը պետք է ապացուցվի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով: Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից: Հազարավոր թուրքեր արդեն ընտրել են այդ ուղին», - գրում է Նալբանդյանը:
Հոդվածը նա եզրափակում է կոչով՝ «Հայաստանի նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապացությամբ: Մենք հուսով ենք, որ սա չի լինի կորսված հնարավորություն և Թուրքիայի նախագահն այդ օրը կլինի Երևանում»:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ