Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանի վարչապետը հանդիպեց Եգիպտոսի նախագահի հետ

Հայաստանի վարչապետը հանդիպեց Եգիպտոսի նախագահի հետ
15.03.2015 | 12:06

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոս աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ - եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և քննարկել տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Տնտեսական կապերն ակտիվացնելու գործում կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, տնտեսական համաժողովների անցկացումը, երկու երկրների գործարար շրջանակների կապերի սերտացումը: Նրանք հեռանկարային են համարել գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը:
Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին բարձր է գնահատել Եգիպտոսի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ այն լավ կամուրջ է հայ - եգիպտական կապերի ընդլայնման և խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է արաբական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Այս առումով Եգիպտոսն առանձնահատուկ տեղ է գրավում, հայ և եգիպտացի ժողովուրդների՝ վաղ ժամանակներից սկիզբ առած հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և վերածվել ամուր բարեկամության»,- ասել է նա: Վարչապետը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և նշել, որ Հայաստանն ակնկալում է Եգիպտոսի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ