Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երիտասարդ հայ մասնագետները՝ թուրք, ռուս, եվրոպացի և ամերիկացի դիվանագետների դերում

Երիտասարդ հայ մասնագետները՝ թուրք, ռուս, եվրոպացի և ամերիկացի դիվանագետների դերում
17.04.2015 | 17:47

«Հայոց ցեղասպանության հիմնահարցը` համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» ծրագրի շրջանակներում Սլավոնական համալսարանի, ԳԱԱ գիտակրթական կենտրոնի և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 50 մագիստրոսները ապրիլ-մայիս ամիսներին հնարավորություն ունեն դերային խաղ-քննարկումների միջոցով զարգացնել իրենց դիվանագիտական հմտությունները: Երիտասարդ քաղաքագետները, միջազգայնագետները, ցեղասպանագետները, թուրքագետները դերային բաժանումով ներկայացնում են, օրինակ՝ թուրք, ռուս, ամերիկացի կամ եվրոպացի դիվանագետների և այդ քննարկումների ընթացքում փորձում Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար որոշ ուղիներ նախանշել:

Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Կազմակերպության ղեկավար Արմեն Մարուքյանը հիշեցրեց, որ անցյալ տարի ևս ՀՀ նախագահի դրամաշնորհով ծրագիր են իրականացրել, որի արդյունքում միջազգային դատարան դիմելու թղթածրար պատրաստվեց: Այնուհետև նշեց. «Որքան էլ իրավական ուղղությամբ փորձենք քայլեր կատարել, մեծ հաշվով միջազգային իրավունքը մեծ քաղաքականության սպասավորն է, և աշխարհաքաղաքական գործընթացները մեծապես ազդում են այդ իրավունքի արդարության հաստատման գործի վրա: Այդ պատճառով երկրորդ ծրագիրը վերաբերում է աշխարհի կարևոր խաղացողների՝ ՌԴ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում խնդրի արծարծման հնարավորությանը»: Պարոն Մարուքյանի համոզմամբ՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դիվանագիտական մարտավարությունը պետք է կառուցել նաև Թուրքիայի և խոշոր տերությունների հակասությունների վրա ու անցում կատարել իսկապես նախաձեռնողական, ոչ թե դիտորդական դիվանագիտությանը:
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ հնարավորություն է ստեղծվում առաջին անգամ մեկ սեղանի շուրջ դիվանագիտական քննարկման մեջ ընդգրկել ոչ միայն միջազգայնագետների ու պատմաբանների, այլև ցեղասպանագետների: Նա նշեց. «Կրթական ծրագրերում լիովին իդեալական վիճակ չես կարող ապահովել, իսկ նման մթնոլորտում քննարկումների ժամանակ կարող են այլ հմտություններ փոխանցվել, որոնք չես կարող փոխանցել ասենք դասախոսությունների ընթացքում»: Անդրադառնալով այն հարցերին, որոնցում հիմնականում թերանում են երիտասարդ մասնագետները, պարոն Հովհաննիսյանը նշեց. «Փորձի պակաս կա, ինչը տրամաբանական բացատրություն ունի: Գործնական աշխատանքի ժամանակ խնդրին մասնագիտորեն մոտենալու պարագայում երբեմն մոռանում ենք իրավիճակային խնդիրները, որ ինչ-ինչ հարցեր կարող են ի հայտ գալ հենց քննարկումների ժամանակ»:
Տեղեկացնենք, որ ծրագրի ավարտին կհրատարակվի «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների հետ Թուրքիայի հարաբերությունների համատեքստում» հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով մենագրություն, որում Հայոց ցեղասպանության հիմնահարցը կդիտարկվի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում: Այն կարող է օգտագործվել նաև որպես երիտասարդ միջազգայնագետների, ցեղասպանագետների ու պատմաբանների սեղանի գիրք:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ