Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը չտպավորեց

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը չտպավորեց
24.05.2015 | 14:05

Financial Times-ի «ԵՄ-ն արևելյան պետություններին սերտ կապեր է առաջարկում, բայց զգույշ» վերնագրով հոդվածում ասված է. «ԵՄ-ն թարմացրեց ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների հետ կապերը ամրապնդելու խոստումները, սակայն արեց զգույշ, առանց ապագա անդամակցության խոստումների, ինչը կարող էր առաջ բերել Մոսկվայի զայրույթը»: The Wall Street Journal-ը նշում է, որ արևելաեվրոպական երկրների հարաբերությունների լարվածությունը դուրս լողաց ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: «Եվրոպայի արևելյան հարևանների միջև լարվածությունը ուրբաթ դուրս լողաց՝ ստվեր գցելով նախկին ԽՍՀՄ 6 անդամների և ԵՄ-ի միջև տնտեսական և քաղաքական կապերի խորացման վրա»,- գրում է թերթը: Reuters-ը գրում է, որ ԵՄ-ն և նախկին խորհրդային 6 երկրները, մեկ աչքով նայելով Ռուսաստանին, փակեցին իրենց տարաձայնությունները, որ թարմացնեն խաղաղության և անվտանգության համագործակցության իրենց խոստումները: «Չնայած ԵՄ որոշ առաջնորդների համակրանքին՝ հատկապես արևելքում ԵՄ խոշոր պետությունները զգուշանում են սադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ծանրաբեռնել ԵՄ-ն աղքատ և անկայուն անդամներով»,- ասված է հոդվածում:

The New York Times-ը գրում է. «Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնվեց մի քանի ժամ ուշացումով, սակայն միակ մարդը, ով բացակա էր և ով իրոք նշանակություն ուներ և ով հետապնդում էր մասնակիցներին երկօրյա հանդիպման ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, ում անգամ չէին էլ հրավիրել»:

Deutsche Welle-ն ընդգծում է, որ ԵՄ-ն և արևելյան գործընկերները զբաղված էին Ռուսաստանի նկատմամբ նուրբ հավասարակշռություն պահպանելով: «Արևելյան գործընկերության» 4-րդ գագաթնաժողովը ավարտվեց նրանով, որ արևմտյան բլոկը և նրա արևելյան հարևանները հաստատեցին համագործակցության իրենց խոստումները: Գագաթնաժողովը նաև ի ցույց դրեց Մոսկվայի հետ հարաբերությունների հարցով լարվածությունը»,- նշվում է հոդվածում:

Politico-ի եվրոպական հրատարակության մեջ «Արևելյան գործընկերության գագաթնաժողովը» ոչնչով չտպավորեց վերնագրով հոդվածում նշվում է. «Երեք նախկին խորհրդային երկրները, որոնք ԵՄ-ի հետ առավել սերտ կապերի հույսեր ունեին, վերջին գագաթնաժողովում շատ բան չստացան: Գագաթնաժողովից առաջ սպասումները բավական փոքր էին, իսկ հանդիպման ավարտին դրա ոչ հավակնոտ բնույթը հաստատվեց»,- գրում է պարբերականը:

Bloomberg View-ի «Արևելյան Եվրոպայի հանդեպ ԵՄ ցինիկ պլանը» հոդվածում ասվում է. «ԵՄ-ն չի կարող շատ բան առաջարկել նախկին խորհրդային 6 պետություններին: Այդուհանդերձ, 3-ը՝ Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան, չեն պատրաստվում հրաժարվել Եվրոպային մերձենալու իրենց ջանքերից, քանի որ այլընտրանքը շատ ավելի վատ է. ընտրել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը: Մյուս երեք պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, այսպես թե այնպես Եվրոպայից շատ բան չեն ակնկալում»:

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ ԵՄ գագաթնաժողովում խոստացել են 1,8 մլրդ եվրո տրամադրել ՈՒկրաինային, սակայն Ռուսաստանը մնում է «ճենապակու խանութ մտած փիղ»: «Ռիգայում եվրոպացի առաջնորդներին մեղադրում են, որ նրանք Արևելյան գործընկերության երկրների բարեփոխումներ են սպասում՝ փոխարենը շատ քիչ առաջարկելով, իսկ Կրեմլը գումար է տալիս շատ ավելի քիչ պայմաններով»,- ասված է հոդվածում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հոդված էր հրապարակել «Արևելյան գործընկերությունը» տեղափոխվեց հեռանկար» վերնագրով: «Եվրամիությունը Ռիգայի գագաթնաժողովում Արևելյան գործընկերության անդամների հետ հարաբերությունները խորացնելու օգտին արտահայտվեց: Ամփոփ հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները հաստատեցին ԵՄ-ի և 6 նախկին խորհրդային երկրերի միջև խոր համագործակցության զարգացման կարևորությունը»: Գործընկերությունը տարբերակված է լինելու: Ընդ որում՝ Մոլդովան չստացավ ԵՄ-ին մոտ ապագայում անդամակցելու հնարավորության հաստատումը, Վրաստանի և ՈՒկրաինայի համար հաստատվեցին միայն «եվրոպական հեռանկարները»՝ առանց վիզային ռեժիմը հանելու ժամկետների հստակ ձևակերպումների»,- գրում է գործակալությունը:

RBK-ն նշում է, որ Ղրիմի հարցով տարաձայնությունները չխանգարեցին Արևելյան գործընկերությանը՝ բոլորին բավարարող հռչակագիր ընդունել: «Մասնակիցները հանդիպումն անվանեցին «պատերազմական ժամանակաշրջանի գագաթնաժողով» և մատնանշեցին 2013-ին Վիլնյուսի գագաթնաժողովից հետո կատարված արմատական փոփոխությունները՝ նկատի ունենալով ՈՒկրաինայում պատերազմական գործողություններն ու Ղրիմի կարգավիճակի փոփոխությունը»,- նշված է հոդվածում:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ