Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երբ Ավետարանի Խոսքը վերագրում ենք մարդկանց. անհրաժեշտ զգուշություն

Երբ Ավետարանի Խոսքը վերագրում ենք մարդկանց. անհրաժեշտ զգուշություն
01.07.2026 | 12:32

Կարևոր է իմանալ

Վերջին ժամանակներում սոցիալական ցանցերում հաճախ կարելի է տեսնել, որ մարդկանց լուսանկարների կամ տեսանյութերի վրա դրվում են Աստվածաշնչի խոսքեր։ Երբեմն դրանք վերաբերում են առաքինությանը, հավատքին կամ նահատակությանը, սակայն երբեմն ընտրվում են այնպիսի համարներ, որոնք իրենց սկզբնական իմաստով վերաբերում են բացառապես Աստծուն, Մեր Տեր Հիսուս Քրիստոսին կամ Նրա փրկագործությանը։

Առաջին հայացքից սա կարող է թվալ անմեղ կամ նույնիսկ բարեպաշտ մի սովորություն։ Սակայն Սուրբ Գրքի հանդեպ եկեղեցական վերաբերմունքը միշտ երկյուղի և պատկառաքի զգուշավորությամբ է եղել։

Աստվածաշնչի յուրաքանչյուր խոսք նախ պետք է հասկանալ այն իմաստով, որով այն տրվել է Սուրբ Հոգով, և ինչպես այն հասկացել ու մեկնաբանել է Եկեղեցին իր սուրբ հայրերի միջոցով, ապա միայն՝ խոհեմությամբ կիրառել մեր կյանքի տարբեր իրավիճակներում:

Եկեք քննենք

1․ Համատեքստի խորհուրդը.

Սուրբ Գրքի յուրաքանչյուր հատված նախ ունի իր պատմական, գրական, այլաբանական և աստվածաբանական համատեքստը։

2․ Ս.Հովհան Ոսկեբերանի զգուշացումը.

Ոսկեբերանը բազմիցս շեշտում է, որ Սուրբ Գրքի խոսքը չի կարելի կտրել իր համատեքստից և կամայական իմաստ տալ։ Այս սկզբունքն այսօր էլ նույնքան կարևոր է, որքան առաջին դարերում։

3․ Բացարձակ Աստվածություն.

Տերն Ավետարանում ասում է․ «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Յովհ․ 14։6): Այս խոսքը բացահայտում է Քրիստոսի աստվածությունը։ Այն չի կարելի վերագրել որևէ մարդու։

4․ Տիտղոսների իմաստը.

Ս․Հովհան Ոսկեբերանը բացատրում է. «Ճանապարհ»՝ որովհետև միայն Նրա միջոցով ենք հասնում Հորը, «Ճշմարտություն»՝ որովհետև Նրա մեջ սուտ կամ ստվեր չկա, «Կյանք»՝ որովհետև Նա է կյանքի աղբյուրը։ Այս խոսքերը վերաբերում են բացառապես Քրիստոսի աստվածային անձին։

5․ Ճշմարիտ ազատագրում.

«Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Յովհ․ 8:31-32): Հովհաննեսի Ավետարանի ամբողջ աստվածաբանական համատեքստում «ճշմարտությունը» իր լիակատար բացահայտումն է գտնում հենց Քրիստոսի անձի մեջ։ Այդ պատճառով այս խոսքը պետք է նախ հասկանալ որպես Քրիստոսի մասին հայտնություն, իսկ ազատությունը՝ որպես մեղքից ազատագրում։

6․ Ոչ թե երկրային, այլ հոգևոր ազատություն. Ս․Հովհան Ոսկեբերանը բացատրում է, որ Տերը խոսում է ոչ թե քաղաքական կամ հասարակական ազատության, այլ մեղքի ծառայությունից ազատագրվելու մասին։ Դրա համար էլ անմիջապես հետո ասում է. «Ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է» (Յովհ. 8:34): Այսինքն, «Ճշմարտությունը» ճանաչելը նշանակում է ազատվել մեղքի իշխանությունից։

7․ Անձնավորված Իրականություն.

Ս․Կյուրեղ Ալեքսանդրացին ասում է, որ ճշմարտությունը ճանաչելը նշանակում է ճանաչել Որդուն, որովհետև հենց Նա է Հոր ճշմարտությունը։ Այսինքն՝ այստեղ «ճշմարտությունը» պարզապես գաղափար կամ սկզբունք չէ, այլ անձնավորված իրականություն։

8․ Աշխարհի Լույսը. Մեկ այլ տեղ Տերն ասում է․ «Ես եմ աշխարհի լոյսը» (Յովհ․ 8:12): Այս խոսքը չի կարելի վերագրել որևէ մարդու կամ օգտագործել այնպես, կարծես այն սկզբնապես վերաբերում էր նրան։ Թեև քրիստոնյան կոչված է լինել «աշխարհի լույս» (Մատթ. 5:14), սակայն դրանք տարբեր խոսքեր են՝ տարբեր հասցեատերերով։

9․ Ո՞վ է Վեմը․ «Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի» (Մատթ. 21:44)։ Այստեղ «Վեմը» հենց Քրիստոսն է, իսկ Ոսկեբերանը ասում է, որ Նրա վրա ընկնելը նշանակում է մերժել Նրան։ Սա հիմնված է նաև աստվածաշնչյան այլ հիշատակումների վրա․ «Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին, ա՛յն դարձաւ անկիւնաքար» (Սաղմ. 117:22), «Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ» (Ա Պետր. 2:7), «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի» (Ես․ 28:16)։ Ուստի այս համարը որևէ եկեղեցական առաջնորդի կամ քարոզչի վերաբերյալ կիրառելը չի համապատասխանում դրա սկզբնական իմաստին։

10․ Մարդակենտրոնության վտանգը.

Նման կիրառումների դեպքում քրիստոսակենտրոն խոսքը դառնում է մարդակենտրոն։ Ակամա ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես տվյալ մարդը զբաղեցնում է այն տեղը, որը Սուրբ Գիրքը վերապահում է միայն Քրիստոսին։

11․ Ճիշտ կիրառության սահմանները. Իհարկե Աստվածաշունչի խոսքերը կարելի է հասցեագրել մարդկանց եւ նրանց նկատմամբ էլ կիրառել ։ Սակայն միայն այն հատվածները, որոնք իրենց բնույթով ընդհանուր են և պատշաճորեն համընկնում են նկարագրին։ Օրինակ.

«Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար...» (Մատթ․ 5։10)։

«Ու մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի» (Մատթ․ 10։22)։

«Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ...» (Մատթ․ 5։16)։

Այսպիսի համարները վերաբերում են բոլոր հավատացյալներին և իրենց բնույթով համընդհանուր կոչեր են, ոչ թե որևէ մեկ անձի բացառիկ նկարագրություն։

12․ Բարի Հովվի սպասավորությունը. Երանելի Օգոստինոսն ասում է, որ Քրիստոսն է Բարի Հովիվը, որովհետև Իր կյանքը տվեց Իր ոչխարների համար։ Մյուս հովիվները միայն այնքանով են բարի, որքանով ծառայում են Քրիստոսին։ Այսինքն՝ եպիսկոպոսը կամ քահանան երբեք չի նույնացվում Բարի Հովվի հետ, այլ մասնակցում է Նրա հովվությանը։

Ամփոփում

Մեծ զգուշություն է պահանջվում այն աստվածաշնչյան և ավետարանական համարների կիրառման հարցում, որոնցում Քրիստոս հայտնում է Իր աստվածությունը կամ Իր եզակի փրկագործ առաքելությունը։ Այդպիսի խոսքերը չեն կարող վերագրվել որևէ մարդու, որքան էլ նա սիրված, հարգված կամ սուրբ կյանք ունեցող լինի։ Օրինակ, երբ Քրիստոս հայտնում է Իր աստվածությունը, Իրեն է կոչում Ճշմարտություն, Իրեն է կոչում Լույս, Իրեն է կոչում Դուռ, Իրեն է կոչում Բարի Հովիվ, Իրեն է կոչում Ճշմարիտ Որթատունկ, Իրեն է կոչում Կենաց Հաց, Իրեն է կոչում Հարություն և Կյանք։

Երբ սիրում և հարգում ենք որևէ հոգևորականի, առաջնորդի, նրան ամենամեծ մեր ծառայությունը այն չէ, որ նրան Քրիստոսին վերաբերող խոսքեր վերագրենք կամ շռայլենք, այլ այն, որ թույլ տանք՝ Քրիստոս մնա առանցքում։ Քրիստոսին վերապահված տիտղոսները մարդուն տալով՝ մենք ակամա կարող ենք նրան դնել այնպիսի իրավիճակի մեջ, որը չի ծառայում ո՛չ նրա, ո՛չ էլ հավատացյալների հոգիների փրկությանն ու հոգևոր օգտին։

Սուրբ Գրքի մեկնողական ավանդության և մշակույթի մեջ սուրբգրային յուրաքանչյուր խոսք նախ պետք է մեկնվի իր քրիստոսակենտրոն իմաստով, ինչպես այն հասկացել են Եկեղեցու հայրերը, և միայն հետո՝ զգուշությամբ կիրառվի հավատացյալների կյանքի ու կենցաղավարության ուղղութամբ։ Երբ այս հիերարխիան խախտվում է, վտանգ կա, որ Քրիստոսին վերաբերող խոսքերը ակամա կսկսեն վերագրվել մարդկանց։

Սուրբ Գրքի խոսքը չի կարող ծառայել իր նպատակին, եթե կտրվում է իր աստվածային համատեքստից և կամայականորեն վերագրվում մարդկանց։ Իսկ երբ այն մեկնվում և կիրառվում է Եկեղեցու ավանդության համաձայն, շարունակում է լինել «ճրագ մեր ոտքերի համար և լույս՝ մեր ճանապարհներին» (Սաղմ. 118:105)։

Հ.Գ. Սիրելի քրիստոնյաներ, եթե դուք նախանձախնդիր եք այս հարցում, կարող եք կիսել ձեր էջերին, որ շատերը կարդան և զգուշանան նման քայլերից:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ