«Արարատ» հոգևոր միության և «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում բացվել է էթիկայի դպրոց:
«Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ» միության ատենապետ ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նախատեսված է երիտասարդների համար: Եռամսյա դասընթացի առաջին փուլի համար ընտրվել է երեսուն ուսանող: Դասավանդվելու են սպասարկում, տուրիզմ, բիզնես-էթիկա, շարժումների, դիմախաղի լեզու, լսելու ունակություն, խոսքի արվեստ, հոգևոր էթիկա, հայկական խոհանոց և այլն:
Դպրոցում դասավանդելու են դիվանագետ Արման Նավասարդյանը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, ռադիոհաղորդավար Սուսաննա Ալեքսանյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Սեդրակ Մամուլյանը, ուրիշներ:
«Ընտրել եմ մի շարք թեմաներ` հայերեն դիմելաձևեր, ողջույնի, հրաժեշտի բառեր և բառակապակցություններ, շնորհակալության, զղջումի խոսքեր և այլն»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը, նշելով, որ բարեկիրթ խոսքի նահանջ կա, և ինքը մեծ ուրախությամբ է ընդունել հրավերը: Լեզվաբանի կարծիքով` պետք է կանոնակարգել և տարածել ճիշտ, ընդունելի ձևերը. եթե յուրաքանչյուրն իր հերթին տարածի, նկատելի առաջընթաց կունենանք:
Նշենք, որ էթիկայի դպրոցի առաջին փուլում ուսանելու են «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության անդամները: Ծրագիրը շարունակական է, նախատեսվում են դասընթացներ տնտեսագետների, լրագրողների, քաղաքագետների և այլ ոլորտների երիտասարդների համար:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ