CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը

Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը
21.04.2026 | 14:03

Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) գործարանի կառուցման նախագիծը առաջին հայացքից տեխնոլոգիական առաջընթացին և տարածաշրջանային մրցունակության ամրապնդմանն ուղղված քայլ է։ Սակայն նման նախաձեռնությունները պետք է դիտարկել ոչ միայն թվային տնտեսության զարգացման տրամաբանության մեջ, այլև՝ էներգետիկ համակարգի կառուցվածքային սահմանափակումների համատեքստում։

Վրաստանի փորձը ցույց է տալիս այդ խնդրի էությունը։ Կարճ ժամանակում տվյալային և մայնինգային ենթակառուցվածքները դարձել են զգալի սպառող՝ հասնելով ընդհանուր պահանջարկի 5%-ին։ Արդյունքում փոխվել է պահանջարկի կառուցվածքը․ առաջացել է կենտրոնացված, կայուն և բարձր բեռնվածություն ստեղծող սեգմենտ։

Դա, իր հերթին, բերել է համակարգային պակասորդի: 2026 թ. սկզբին Վրաստանում սպառումը գերազանցել է 2,7 մլրդ կՎտ⋅ժ-ը, մինչդեռ արտադրությունը կազմել է ընդամենը 1,9 մլրդ կՎտ⋅ժ։ Պակասորդը լրացվում է ներմուծման միջոցով։ Հետևանքը՝ էլեկտրաէներգիայի գնի կախվածություն արտաքին շուկաներից և սակագների աճ (ս.թ. ապրիլի 1-ից դրանք աճել են 21-33%-ով)։ Միևնույն ժամանակ, տվյալային կենտրոնները, լինելով բարձր վճարունակություն ունեցող սպառողներ, դուրս են մղում այլ սպառողներին՝ վերաձևելով էներգիայի ներքին բաշխման տրամաբանությունը:

Հայաստանի պարագայում այս ռիսկերը բազմապատկվում են։ Էներգետիկ համակարգը արդեն իսկ ունի կառուցվածքային սահմանափակումներ՝ կախվածություն ներմուծվող էներգակիրներից, հիդրոռեսուրսների սեզոնայնություն, գործող ատոմակայանի սահմանափակ ժամկետային ռեսուրս։

Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական զարգացման անվան տակ ձևավորվող էներգատար սեկտորները կարող են վերափոխել ամբողջ էներգետիկ բալանսը։ Ու դա այն դեպքում, երբ Վրաստանում չեն գործում տվյալային կենտրոններ, որոնք իրենց հզորություններով մոտ են այն նախագծին, որն իրականացվում է Հայաստանում: Ըստ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանի՝ տարեվերջին, երբ գործարկվեն 50 հազար գրաֆիկական պրոցեսոր՝ GPU-ները, Հայաստանը դրանց քանակով աշխարհի առաջատար հնգյակում կհայտնվի՝ շրջանցելով Եվրոպայի խոշոր պետություններին: Հաջորդ փուլում նախատեսվում է Հայաստանում կենտրոնացնել ևս 60 հազար GPU ու դրանց ընդհանուր քանակը հասցնել 110 հազարի:

Հետևաբար, Հայաստանի համար առանցքային հարցը ոչ թե ինքնին տվյալային կենտրոնի կառուցումն է, այլ այն, թե ինչ էներգետիկ հիմքի վրա է այն գործելու։

Եզրակացությունը պարզ է:

Եթե Հայաստանը նպատակ ունի զարգացնել ԱԲ-ն և ձևավորել նման մասշտաբի թվային ենթակառուցվածքներ, ապա անհրաժեշտ է նախապես ապահովել կայուն գեներացիոն հզորություններ։ Արևային գեներացիան դա ապրիորի ի վիճակի չէ ապահովել: Այս տրամաբանության մեջ նոր, ավանդական հզորությունների ատոմային էներգաբլոկի կառուցումը վերածվում է համակարգային անհրաժեշտության՝ ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից։

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ