ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երուսաղեմում ոգեկոչվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Երուսաղեմում ոգեկոչվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2016 | 12:42

Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցում` Սրբոց Հակոբյանց մայրավանքում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին հիշատակի միջոցառում է անցկացվել՝ տեղեկացնում է The Jerusalem Post-ը: Ոգեկոչման արարողությանը նախորդել է եկեղեցական պատարագը, որը ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Պատարագին մասնակցել են Երուսաղեմի հայկական համայնքի ղեկավարները: Տարելիցի հիշատակի միջոցառումների կազմակերպիչ Հարութ Բաղամյանը, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, իսրայելական լրատվամիջոցին ասել է, որ հայկական համայնքը հիասթափված է ցեղասպանության հիշողության նկատմամբ պաշտոնական Իսրայելի վերաբերմունքից: «Նրանք որոշ երկրների նման ոչ թե ժխտում են կատարվածը, այլ պարզապես չեն խոսում այդ մասին: Անցյալում եղել են որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, որ իրենց տեսակետները հայտնել են Ցեղասպանության մասին, և մենք մեծապես գնահատում ենք դա: Սակայն մենք ակնկալում ենք, որ կառավարությունը քաղաքականությունից առաջ հարգի արժեքները»,- ասել է նա` նշելով, թե իրենք հասկանում են, որ հարցն ունի քաղաքական բովանդակություն: Բաղամյանն ընդգծել է, որ իրենք մեծ աջակցություն են տեսնում իսրայելական հասարակության կողմից, սակայն ակնկալում են, որ հրեական պետությունը պետք է առաջինը ճանաչի ու խոսի խնդրի մասին:
Ապրիլի 24-ին Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանցկացնեն Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության դիմաց:

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ