ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի Նախագահի և խորհրդարանի նախագահի հետ

Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի Նախագահի և խորհրդարանի նախագահի հետ
11.09.2012 | 12:27

Սեպտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին է ընդունել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը: Այս համատեքստում դեսպան Քոչարյանը լիբանանյան կողմին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակներում սերտ համագործակցության և շարունակական աջակցության համար: Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական այցերի և տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

ՀՀ դեսպանը Նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաև մանրամասներ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ:

Դեսպան Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Դեսպանը ընդգծել է, որ շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել և խորը անհանգստություն են արտահայտել հունգարա‑ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաև Բեյրութում` Հունգարիայի դեսպանության շենքի առջև:

Նախագահ Սլեյմանն ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը` հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:

Նախագահ Սլեյմանը խնդրել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները Համաշխարհային Օլիմպիադայում ՀՀ շախմատի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մասին: Նաբիհ Բըրրիին փոխանցվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ