Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լեգենդար Նիկիտա Սիմոնյանը

Լեգենդար Նիկիտա Սիմոնյանը
14.10.2016 | 09:34

Հոկտեմբերի տասներկուսին ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրն էր: Լեգենդար այս մարդու ֆուտբոլային տաղանդն առանձնակի վառ դրսևորվեց Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբում, ապա Երևանի «Արարատը» մարզելու տարիներին: Խփած գոլերի թվով երկար տարիներ նա ԽՍՀՄ-ի թիվ մեկ ֆուտբոլիստն էր, մինչև որ տասնամյակներ անց նրա ռեկորդը գերազանցվեց: Որպես գործող ֆուտբոլիստ, «Սպարտակի» կազմում Նիկիտա Սիմոնյանը չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն ու երեք անգամ նույնը կրկնել գլխավոր մարզչի որակում: Նա փայլուն ցուցանիշներ է արձանագրել նաև գավաթային մարտերում՝ կրկնակի գավաթակիր է որպես մարզիկ ու եռակի գավաթակիր՝ որպես մարզիչ:


Սիմոնյանի մարզական կենսագրության մեջ առանձնակի է 1956-ը. այդ տարի Մելբուռնի օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է չեմպիոն:
Սիմոնյանի գլխավորությամբ ԽՍՀՄ հավաքականը մասնակցել է աշխարհի 1986 և 1990 թվականների առաջնությունների եզրափակիչ փուլերին, 1988-ին նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Չնայած պատկառելի տարիքին՝ Նիկիտա Սիմոնյանն այսօր էլ Ռուսաստանի ֆուտբոլային կյանքի առաջնագծում է (Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահն է), անառարկելի հեղինակություն:
Հայ ֆուտբոլասերի համար Սիմոնյանը լեգենդար անուն է նաև «Արարատի» գլխավոր մարզչի որակում: Այդ նրա գլխավորությամբ էր, որ մեր ազգային հպարտությունը տիրացավ թե՛ երկրի չեմպիոնի, թե՛ գավաթակրի տիտղոսներին:
Մաղթենք լեգենդար մարդուն երկար տարիների կյանք, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Նրա ապրած յուրաքանչյուր օրը հպարտություն ու հարստություն է բոլորիս համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ