Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ներքաղաքական արդյունքներ

Ներքաղաքական արդյունքներ
09.01.2018 | 09:28

Երբ որևէ մեկը նստում և փորձում է խոսել երկրի կյանքում այս կամ այն տարվա արդյունքի մասին, ապա դա անում է տարբեր տեսանկյուններից, որովհետև հնարավոր չէ նույն դիրքից գնահատել և՛ տնտեսությունը, և՛ սոցիալական ոլորտի վիճակը, և՛ խիստ ներքաղաքական զարգացումները, և՛ արտքաղաքական նախաձեռնությունները կամ փաստերը: Տնտեսությունն ու սոցիալական ոլորտը գնահատելն անիմաստ է: Ինչքան էլ կառավարող կոալիցիան «հալվա՛, հալվա՛» գոռա, դրանից ո՛չ շարքային քաղաքացիների մեծամասնության բերանը կքաղցրանա, ո՛չ էլ քսակներում գումար կավելանա: Իսկ իշխանական և իշխանամետ վիճակագիրների հետևից նրանց թվերն ու «տնտեսության աճի տոկոսները» կրկնելը անշնորհակալ գործ է:
ՈՒստի սկզբում ուշադրությունը կկենտրոնացնենք ներքին քաղաքականությանը: Դժբախտաբար, գուցե բարեբախտաբար, այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և իրականության մեջ այս կամ այն երկրի ներքաղաքական ոլորտի զարգացումը չի կարող կտրված լինել այն բանից, թե ինչ արտքաղաքական գործընթացներում է հայտնվել այդ երկիրը, կամ էլ ինչ արտքաղաքական գործընթացների մեջ են «հրում» նրան այն արտաքին ուժերը, որոնք կարծում են, թե թելադրելու իրավունք ունեն: Ասում են, որ երբ որևէ մեկը տառապում է անձի երկատմամբ, դա հոգեբանական ահավոր ախտ է, որը պետք է շուտափույթ բուժել: Իսկ եթե մի ամբողջ երկիր, երկրի կառավարությու՞նն է տարեցտարի տառապում արտքաղաքական «երկատմամբ», այնուհետև այդ երկատումը տեղափոխում է իր ներքաղաքական կյա՞նք: Դա ի՞նչ անվանել կամ ի՞նչ որակել: Հարկադրված ես խոստովանելու, որ հանրապետական կուսակցության կողմից երկրի ղեկավարման այս փուլում Հայաստանի քաղաքացիներին բառացիորեն «պատառոտում» են: Ինչի՞ հաշվարկ էին արել նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ի քաղխորհուրդը: Որ քաղաքացիներն իր պատասխան ծափահարելու և նրանց կենա՞ցն են խմելու՝ ընդգծելով, թե ինչքան են սիրում իրենց նախագահին և ՀՀԿ-ն: Կարծում եմ՝ երկար պիտի սպասեն:


Պատճառը մեկն է. 2017-ին երկրում կատարված գրեթե ամեն բան և՛ երկակի տպավորություն է թողել, և՛ շատ հարցեր մնացել են առանց պատասխանի: Օրինակ՝ ապրիլի խորհրդարանական ընտրությունը: Որևէ մեկը կասկածու՞մ էր, որ հերթական անգամ հաղթելու են հանրապետականները: Անձամբ ես՝ ոչ: ՈՒ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում քաղաքական ընդդիմության ինստիտուտը չի ձևավորվել: Պատճառներն ավելի խոր են: Հիշեցնեմ, թե ովքեր հայտնվեցին խորհրդարանում. ՀՀԿ՝ 49,12 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որն այս անգամ ներկայացված էր որպես «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 %, «Ելք» դաշինք՝ 7,77 %, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 6,57 %: Իշխող ՀՀԿ-ն ստացավ 58 մանդատ, որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը՝ 31 մանդատ, որոնցից 1-ը տրամադրվել է ռուս համայնքի ներկայացուցչին, ընդդիմադիր «Ելք» դաշինքը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Վե՞րջ: Ներկայացումն ավարտվա՞ծ է: Ո՞նց չէ: Չեմ ուզում հիմա երկար ու ձանձրալիորեն գրել, թե ինչպես էին «նեղացել» նախկին ընդդիմադիրները, որոնք «Ելք» դաշինքը քիչ էր մնում հայտարարեին իշխանությունների մշակում: Չեմ ուզում նաև կենտրոնանալ «Ծառուկյան» դաշինքի ներսում ինչ-ինչ տարօրինակ գործընթացների վրա:
ՈՒշադրություն դարձնենք այն բանին, որ մեր խորհրդարանական ընտրությունից գրեթե անմիջապես հետո ԵՄ-ը հայտարարեց, որ Հայաստանի «քաղաքացիական հատվածին» կհատկացնի 1,5 մլն եվրոյի դրամաշնորհ, և դա շատ փորձագետներ օրինաչափորեն գնահատեցին որպես ոչկառավարական կազմակերպությունների ֆինանսավորման միջոցով ներսից Հայաստանի ապակայունացումը շարունակելու Արևմուտքի ցանկություն: Մինչդեռ, այստեղ, թերևս, ավելի խոր ու վտանգավոր նպատակ կա. նպաստել հայ ազգի կոլեկտիվ գիտակցության վերափոխմանը և նախապատրաստել «քաղաքակիրթ հեղափոխականացման»: Մեզ դա սկսեցին ակնհայտ ցույց տալ վերջին ամիսներին, երբ փորձում էին առաջ մղել «եվրաչափանիշային» օրենքները թե՛ «ընտանեկան բռնության», թե՛ անչափահասների իրավունքների վերաբերյալ և այլն: Բայց դա միայն սկիզբն է: Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունն էր, և կրկին՝ իշխող ՀՀԿ-ի հաղթանակը: Ընդդիմադիր կուսակցությունները ձախողվեցին այդ ընտրությունում: Վերջապես, հունիսի 1-ին վերջնականապես ձևավորվեց կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Համարյա բոլոր նախարարները մնացին իրենց պաշտոններին: Կոալիցիոն ՀՅԴ-ն պահպանեց իր 3 նախարարական պաշտոնը: Եղավ մի քանի փոփոխություն. արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գնաց խորհրդարան, նրան փոխարինեց «հին նոր» նախարար Դավիթ Հարությունյանը, որը մինչ այդ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, որին 2016 թ. մեծ աղմուկով հեռացրին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, այս անգամ «առանց խնդրի» նշանակվեց բնության պահպանության նախարար:


Այնուամենայնիվ, Հայաստանի ներքին կյանքի շատ հարցեր կրկին մնացին անպաստասխան: Եվ նույնիսկ 2017-ի դեկտեմբերի վերջին այդ հարցերին էին վերաբերում այն հիմնական թեմաներն ու լուրերը, որոնցով «սնվում էր» հանրությունը: Օրինակ, 2018-ին ո՞վ կդառնա վարչապետ: Պարզ է, որ հանրապետական, բայց ո՞վ: «Հին աստղաբույլի» ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը բազմիցս է հնչեցրել այն դրույթը, թե ծանր, դժվար ժամանակ է, «փորձառու» է հարկավոր և այլն: Եվ պարոն Սահակյանն այդպիսին է տեսնում բացառապես Սերժ Սարգսյանին: Բայց գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ, կարծես, հետ չի վերցրել իր այն հայտարարությունները, թե պատրաստ է 2018-ին էլ կատարելու կառավարության ղեկավարի պարտականությունները: Այդ ամենի մեղավորը ՀՀԿ-ն է և անձամբ Սերժ Սարգսյանը: Հիշեցնեմ բոլորին. նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ, դեռ 2014 թ. հատուկ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահը հայտարարեց, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահ: Եթե վերջնական քննարկումների արդյունքում ընտրվի այլ ուղի, որը չհամապատասխանի իմ ցանկությանը, նկատի ունեմ խորհրդարանական մոդելը, ապա ես չեմ հավակնելու նաև վարչապետի պաշտոնին: Ես նույնիսկ համոզված եմ, որ նույն մարդը չպետք է հավակնի երկու անգամ Հայաստանի իշխանության ղեկավարը դառնալուն»,- այն ժամանակ ասաց Սարգսյանը:


Սակայն գործող նախագահը հետագայում քանիցս նշել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել իր քաղաքական ապագայի վերաբերյալ. իբր, ժամանակը գա, կիմանաք: Միևնույն ժամանակ, իր ելույթներում նա երկարաժամկետ նպատակներ ու խնդիրներ է դնում: Մասնավորապես, վերջին շրջանում պարբերաբար խոսում է 2040 թ. բնակչության թիվը 4 միլիոնի, ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով 10000 դոլարի հասցնելու մասին: Դրանով իսկ Սերժ Սարգսյանը մեծ քաղաքականությունից հեռացող մարդու տպավորություն չի թողնում: Այնպես որ, 2018-ի գարնանից առաջ, երբ խորհրդարանը պետք է ընտրի «նախագահ» (այդ բառը չակերտված է, որովհետև նախագահի սահմանակարգն այսուհետ իմաստազրկվում է. նա դառնում է ընդամենը «անգլիական թագուհի»), դրանից հետո միայն կիմանանք՝ Սերժ Սարգսյանը վարչապե՞տ է դառնում, թե՞ ոչ, մեր երկիրն առաջվա պես ներքաղաքական լրջագույն ընտրանքի առաջ է: Բայց արդեն շատ մեծ ռիսկ կլինի, որ արտաքին ուժերը հետագայում ավելի ակտիվորեն կխառնվեն մեր ներքաղաքական կյանքին և Հայաստանի քաղաքացիներին կթելադրեն, թե նրանք «այդուհետ ինչպես ապրեն և դեպի ուր զարգանան»: Այդ կապակցությամբ հիշեցնեմ, որ 2017-ի հունիսին ՀՀԿ-ի ղեկավարությունը, ի դեմս Էդուարդ Շարմազանովի և Դավիթ Հարությունյանի, հրապարակավ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկու հասցեին, թե նա խառնվում է Հայաստանի ներքին գործերին: Հետագայում միջադեպը «սվաղվեց», բայց «ոչ ոք չի մոռացված, ոչինչ չի մոռացված»:


Առաջին տարին չէ, որ մեր ներքաղաքական կյանքն այն տպավորությունն է ստեղծում, թե հայերն իրենց առաջ միաժամանակ տեսնում են անհեթեթության թատրոն և սնափառության տոնավաճառ: Թվում էր՝ ինչ իմաստ ունի ՀՀԿ-ից և Սերժ Սարգսյանից գանգատվելը, եթե իրենց ընդդիմադիր պատկերացնողները գործնականում չեն պայքարում իշխանության համար: Որևէ մեկը հիշու՞մ է իրեն ընդդիմություն հռչակած որևէ ուժի կամ շարժման մասնակցելը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մակարդակում իշխանության համար պայքարին: Կարծում եմ՝ այդպիսի դեպքերը եզակի են եղել, և 2017 թ. մայիսին Երևանի ավագանու ընտրությունը դրա ակնառու հաստատումն է, էլ ինչ ասենք մարզերի, փոքր քաղաքների ու գյուղերի մասին: Ովքեր կարող էին, չեն ուզում, ովքեր ուզում են, չեն կարող: Այստեղ մենք ոչ թե պատճառներն ենք քննարկում, այլ փաստն ենք արձանագրում: Ընդդիմադիրներն ավանդաբար ակտիվանում էին նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիմա արդեն նախագահական ընտրություն չի լինի նախկին տեսքով: Հնարավոր է, որ դա ընդդիմադիր ուժերին կստիպի վերանայելու իրենց հայեցակարգը, կհարկադրի ավելի լուրջ վերաբերվելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններին: Ինձ համար հանելուկ է, թե ինչու է մեր ընդդիմությունն ուզում թքել այս կամ քաղգործչի գնահատման ընդունված չափանիշի վրա: Նույնիսկ Չինաստանի նման երկրում, եթե որևէ մեկը ցանկանում է «շողշողալ» իշխանության կատարին, մինչ այդ պետք է իր ընդունակություններն ու հնարավորություններն ապացուցի օրենսդիր կամ գործադիր իշխանության ավելի ցածր մակարդակներից մեկում: Այստեղ երգիծանքն ու հումորը պետք չեն, պարզապես պետք է մտորել ընդդիմության առաջնորդների հոգեկան առողջության ու կայացածության մասին: Ինչպես, ի միջի այլոց, նաև իշխանության համապատասխանությանը իր դիրքին: Հասկանու՞մ են արդյոք իշխանությունները, որ նույնիսկ իրենց է շահավետ, որպեսզի երկրում լինի առողջ ու գործուն ընդդիմություն, ոչ թե այն, որը կար առաջ և կա հիմա:


Նախագահ Սարգսյանը և ՀՀԿ-ն, իհարկե, կջանան նախապես հասնել այն բանին, որ եթե չլինի աջակցություն, ապա գոնե չլինի դիմադրություն «անսահման վերարտադրվելու» իշխանության պլաններին: Ընդ որում, ջանալու են ինչպես հայկական իշխանությունների «հին աստվածների» (ասենք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի), այլև «նոր աստծու» առջև, ի դեմս ԵՄ-ի: Դե որ այդպես շտապ-շտապ անցկացնում էին «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, ընդ որում, խախտելով օրենքի հենց տրամաբանությունը, որ քրեական օրենսգրքի առաջ տարբերություն չկա՝ բռնությունը կիրառվել է ընտանիքի ներսու՞մ, թե՞ նրանից դուրս: Բռնությունը բռնություն է, իսկ փողոցում կատարված բռնության զոհը ոչնչով չի տարբերվում տան կամ բնակարանի փակ դռներից ներս կատարված բռնության զոհից: Իսկ հետո արդեն տագնապ հարուցող իրադարձություններ էին: Հասկանալի է, որ Արցախում ապրիլյան պատերազմական գործողությունների որոշ դրվագներ ենթադրում էին այն բավական ծավալուն կադրային տեղափոխությունները, որոնք եղան պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում Հայաստանի այժմ գործող կառավարության ձևավորումից հետո: Պաշտպանությունը և անվտանգությունը հատուկ ոլորտներ են, այստեղ հատկապես հստակ է գործում «Չես կարող օգնել, գոնե մի խանգարիր» կարգախոսը: Ինչու՞ պետք է մտքում պահել այն, ինչը կատարվել է և, չի բացառվում, շարունակի կատարվել մեր պաշտպանական գերատեսչությունում և գլխավոր շտաբում: Որովհետև այնպես է եղել, որ ամբողջ աշնանը մեր հանրության ու ժողովրդի ուշադրության կենտրոնում էր «Զինվորական ծառայության և զինվորականի կարգավիճակի մասին» նոր օրենքը: Ավելի ստույգ, այդ օրենքի հետ կապված հարցերի փաթեթներից մեկը, որը վերաբերում էր ուսումը շարունակելու կապակցությամբ բանակում ծառայելու տարկետման իրավունքին: Հենց այստեղ ծագեցին այն բախումները, որոնց մասին հրապարակավ արտահայտվում էին մի խումբ ուսանողներ և ասպիրանտներ, որոնք համարում էին, որ խոսքը Հայաստանի ամբողջ գիտական ոլորտի ապագայի մասին է և ոչ միայն այն մասին՝ պե՞տք է, թե՞ պետք չէ ծառայության տարկետումը: Բանը հասել էր դասադուլների և հացադուլների:


Այս խնդիրը շատ նուրբ է. ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ» բազմաթիվ գործոններ կան և՛ նոր օրենքի, և՛ հանրային բողոքի դուրս եկած անձանց փաստարկման առնչությամբ: Հանուն արդարության նշենք, որ այս անգամ իշխանությունները չարհամարհեցին բողոքավորներին. եղան հանդիպումներ, համատեղ քննարկումներ: Սակայն... Իշխանության ավելորդ աշխուժությունը և բողոքավորների ավելորդ հուզախառն դրամատիկությունը ֆոն դարձան Հայաստանի այն մարդկանց ճակատագրի հետ խաղալու, որոնք ուսումն արդեն շարունակում էին իրենց տրված տարկետման շնորհիվ: Ժամանակը կգա, և ես, տարկետման հարցին իշխանության քաղաքականացված վերաբերմունքի բոլոր «հրապույրները» ճաշակած ընտանիքներից մեկի համաձայնությամբ, մանրամասն կպատմեմ հայ հանրությանը, թե ինչպես կարելի է խաչ քաշել երիտասարդ ասպիրանտ, սկսնակ գիտնականի ճակատագրի վրա՝ նրան թույլ չտալով ասպիրանտուրայում սովորել վերջին մեկ տարում, ինչը նրան հասնում էր այն երկրի կրթության նախարարի հրամանով, որտեղ նա սովորում է ասպիրանտուրայում: Թե ինչպես ամիսներով պատասխանատու պաշտոնյաները, ներառյալ նախարարներ, նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, մարդու ճակատագիրն են ոտնատակ նետում, չնայած ՊՆ-ում անկեղծորեն խոստովանեցին, որ արդեն սովորողների վրա նոր օրենքը չի տարածվում: Անկեղծորեն ասած, այդ պատմությունից հետո անձամբ ես չէի հավատա ՀՀԿ-ի անդամներից որևէ մեկի խոստմանը, առավել ևս՝ Գերագույն գլխավոր հրամանատարի:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ