Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թրամփը պաշտոնանկեց Թիլերսոնին, երբ նա Աֆրիկայում էր

Թրամփը պաշտոնանկեց Թիլերսոնին, երբ նա Աֆրիկայում էր
14.03.2018 | 12:37

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության մասին: Պետդեպարտամենտը կգլխավորի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն: ԿՀՎ-ն առաջին անգամ կին կղեկավարի` ԿՀՎ-ի տնօրենի նախկին տեղակալ Ջինա Հասպելը: Թրամփը Թվիթերում հաղորդեց, որ պետդեպարտամենտի ղեկավարին աշխատանքից հանել է և նրան կփոխարինի ԿՀՎ-ի ղեկավարը: «Մայք Պոմպեոն` ԿՀՎ-ի տնօրենը, կլինի մեր նոր պետքարտուղարը: Նա հիանալի կկատարի իր աշխատանքը: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին ծառայության համար: Ջինա Հասպելը կլինի ԿՀՎ-ի նոր տնօրենը և առաջին կինն այդ պաշտոնում: Շնորհավորանքներ բոլորին»` գրել էր Թրամփը:


Ջինա Հասպելը ԿՀՎ-ի փոխտնօրեն դարձավ 2017-ին, առաջ գլխավորում էր ԿՀՎ-ի գաղտնի ծառայությունը: Լրագրողներին Թրամփն ասաց, որ Թիլերսոնի հետ վատ չէին, բայց մի շարք հարցերում միմյանց հետ համաձայն չէին: «Ես կարծում եմ, որ Իրանի գործարքը սարսափելի է, նա նորմալ էր համարում: Ես ուզում էի կասեցնել կամ փոխել, նա այլ կերպ էր մտածում»` ասել է ԱՄՆ նախագահը: Երեքշաբթի օրը Թիլերսոնի պաշտոնանկության մասին հաղորդել էր Washington Post-ը: Թերթի տեղեկություններով` անցած ուրբաթ Թրամփը խնդրել է Թիլերսոնին հրաժարական տալ, և նա ստիպված է եղել ընդհատել այցերը Աֆրիկայում: Պետդեպարտամենտում ասել են, որ Թրամփը Թիլերսոնի հետ անձամբ չի խոսել և պաշտոնանկության մասին թվիթը Թիլերսոնի համար անակնկալ է եղել` գրել է «Բլումբերգը»: Պաշտոնանկությունից մի քանի ժամ առաջ Թիլերսոնը համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիային Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու դստեր թունավորման հարցում:


ԱՄՆ ԶԼՄ-ները ավելի վաղ գրում էին Թրամփի ու Թիլերսոնի տարաձայնությունների մասին: Պետքարտուղարը վստահեցնում էր, որ նորմալ հարաբերություններ ունի նախագահի հետ: Թիլերսոնի մոտալուտ հրաժարականի լուրերը հաճախակի դարձան անցյալ աշնանը: Հոկտեմբերին ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Թիլերսոնն իբր Թրամփին հիմար (moron) է անվանել: «Ես կարծում եմ, որ դա ֆեյք է,-այդ լուրերը մեկնաբանեց Թրամփը:- Բայց եթե նա իրոք ասել է, երևի մենք պետք է համեմատենք մտավոր զարգացման մեր գործակիցները: Ես կարող եմ գուշակել` ով կհաղթի»: Այն ժամանակ Թիլերսոնը հերքում էր իր հնարավոր պաշտոնանկության լուրերը: Նոյեմբերի վերջին «Ասոշեյտեդ պրեսը»` հղում անելով իր աղբյուրներին, հաղորդեց, որ Սպիտակ տանը քննարկում են Թիլերսոնին Պոմպեոյով փոխարինելու հարցը: Այդ տեղեկությունը հաստատեցին New York Times-ն ու Vanity Fair-ը: ԶԼՄ-ները գրում էին, որ Թիլերսոնն ու Թրամփը լուրջ տարաձայնություններ ունեն Հյուսիսային Կորեայում հրթիռային փորձարկումների ու Իրանի միջուկային ծրագրի հարցերում: Նախագահի ու պետքարտուղարի առաջին հրապարակային տարաձայնությունը Փարիզի Կլիմայի հարցով համաձայնագիրն էր, որից Թրամփը որոշել էր դուրս գալ: Ռեքս Թիլերսոնը կադրային դիվանագետ չէ: 42 տարի նա աշխատել է աշխարհի ամենամեծ նավթային ընկերություններից մեկում` Exxon Mobil-ում: Նա լավ ծանոթ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պատասխանատու էր Exxon-ի ու «Գազպրոմի» հարաբերությունների համար և պարգևատրվել էր ՌԴ Բարեկամության շքանշանով: Մայք Պոմպեոն մինչև 2016-ի փետրվարին ԿՀՎ-ի տնօրեն նշանակվելը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում էր Կանզաս նահшնգը: 2016-ի նախագահական ընտրություններում նա սկզբում աջակցում էր հանրապետական Մարկո Ռուբիոյին, բայց հետո միացավ միլիարդատեր Թրամփին: Նախընտրական արշավի ժամանակ Պոմպեոն քննադատում էր Թրամփին, մասնավորապես` 2005-ի ձայնագրությունը, երբ Թրամփը պատմում է` ինչպես էր հետամտում կանանց, անվանել է «ահավոր, վիրավորական ու աններելի»: Մայք Պոմպեոյի ու Ջինա Հասպելի թեկնածությունները պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Իր թվիթից մի քանի րոպե հետո Թրամփը պաշտոնական հայտարարություն արեց` բացատրելով, թե ինչու է ընտրել Պոմպեոյին: ԱՄՆ նախագահը ասում էր, որ նա գերազանցությամբ ավարտել է Վեստ Պոինտի ռազմական ակադեմիան, Հարվարդի իրավաբանական դպրոցը և ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում ուժեղացրել է հետախուզական գործը, նորացրել ԱՄՆ-ի պաշտպանական ու հարձակողական ունակությունները: Թրամփը խնդրեց Սենատին արագացնել Պոմպեոյի հաստատումը նոր պաշտոնում:

«Նրա փորձը զինված ուժերում ու ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում լավ նախապատրաստել են նրան այդ դերին: Պետքարտուղարի պաշտոնում նա կշարունակի վերականգնել Ամերիկայի դիրքերն աշխարհում, ամրապնդել դաշնակցային հարաբերությունները, դիմակայել մեր թշնամիներին և հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»` ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ВВС


Հ.Գ. Թրամփը մնում է Թրամփ` պատշաճության համար կարող էր գոնե սպասել, որ պետքարտուղարը Աֆրիկայից Վաշինգտոն վերադառնա: Թրամփը լրագրողներին նաև ասել է. «Այդ որոշումը միայն ես եմ կայացրել, կարծում եմ՝ Ռեքսը հիմա շատ ավելի երջանիկ կլինի»: Կուլիսային զրույցներում Սպիտակ տան պաշտոնյաները որոշ փակագծեր են բացել: «Թրամփը տևական ժամանակ բանավեճերի մեջ էր Թիլերսոնի հետ և նրան համարում էր չափազանց ավանդապաշտ»,- The Washington Post-ին ասել են նախագահականի աղբյուրները, մանրամասնելով՝ Թրամփը նպատակահարմար գտավ այս քայլին գնալ հենց հիմա՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ-ի առևտրային գործընկերների հետ բանակցություններից առաջ:


Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան պնդում է՝ Թիլերսոնը տեղյակ չէ՝ ինչու է նախագահն իրեն պաշտոնանկել: «Պետքարտուղարը նախագահի հետ չի խոսել այս առավոտ և անտեղյակ է պատճառներից, սակայն շնորհակալ է ծառայելու՝ իրեն տրված հնարավորության համար»,- Թվիթերում գրել է պետդեպարտամենտի խոսնակ Սթիվ Գոլդսթեյնը՝ հավելելով․ «Թիլերսոնը մտադիր էր մնալ իր պաշտոնում, քանի որ կարծում էր, որ առաջընթաց է արձանագրում ազգային անվտանգության առանցքային հարցերում»:
Փաստացի` Դոնալդ Թրամփը կոշտացնում է քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր բանակցություններից առաջ ու Իրանի միջուկային գործարքը խզելու համար: Նա ցանկանում է նոր թիմով սկսել այդ գործերը:


Մարտի 13-ը իր գործն արեց` Ռեքս Թիլերսոնը դարձավ ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնանկված ամենաբարձր պաշտոնյան: Որքա՞ն կպաշտոնավարի Մայք Պոմպեոն և ո՞ր երկրում կիմանա իր պաշտոնանկության մասին: Միայն Թրամփը գիտի, բայց այդ թվիթը նա դեռ չի գրել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ