ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եկավ խոտի, բզեզի, թիթեռի ժամանակը

Եկավ խոտի, բզեզի, թիթեռի ժամանակը
30.03.2024 | 14:30

Դեռ տնից դուրս չեմ եկել, բայց գիտեմ, լուսամուտից տեսնում եմ արևը՝ վերջ, գարունը լրիվ եկավ։ Վերջապես։

Ծիածանն ընկել, փշրվել է դաշտերի վրա։ Ծիածանի բեկորներից ծաղիկների հոտ է գալիս։ Ծիտիկներն էդ հոտից հարբած՝ դայլայլում են բոլոր թռչնային լեզուներով ու մեղեդիներով։

Հիմա արդեն փոշոտվել՝ նշանակում է ծաղկոտվել, նշանակում է՝ քաղցրանալ ու գունավորվել, նշանակում է՝ սեր անել՝ ծաղիկների լեզվով։ Հիմա փոշի մաքրելը սպանությանը հավասար բան է։

Գարնանամուտի հարսնախոսն ավարտվել է. ծառերը զուգվում են։ Մի մասը շտապել է՝ արդեն հղի է։ Բայց բնությունը ներում է էդ տեսակ բաները։ Քնից նոր զարթնած ծառին խաբելը հեշտ է, իսկ արևի չարաճճի ճառագայթին ո՜նց բռնես, վաղուց թթվածին է դարձել, խառնվել օդին։ Համ էլ՝ արդեն սկսվել է գարնանային համաներումը։

Անցյալ տարի ծնված աղվեսիկը չի հասկանում, թե ինչ է հետը կատարվում՝ ամեն բզեզի բզզոցից սիրտը խփում է։ Աջուձախ է նայում, ի՞նչ է փնտրում, ու՞մ է փնտրում։

Հիմա բնության մեջ հարցեր են ծնվում, անվերջ հարցեր, որոնց պատասխաններն ամիսներ հետո են հայտնվելու։

Եկավ խոտի, բզեզի, թիթեռի ժամանակը։ Եկավ կանաչ գույնի ժամանակը։ Հիմա կարմիրն էլ է կանաչի երանգներից մեկը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9791

Մեկնաբանություններ