«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սա ոչ այլ ինչ է, քան արժեքային վակուում կամ անիշխանություն

Սա ոչ այլ ինչ է, քան արժեքային վակուում կամ անիշխանություն
16.07.2026 | 17:07

Վերջին շրջանում լրահոսը բացելը դարձել է իսկական փորձություն։ Ինչի՞ մասին ենք կարդում ամեն օր՝ դանակահարություն, ծեծկռտուք, սպանություն, ընդհուպ մինչև եղբայրասպանություն։ Մի տեսակ սովորական, կենցաղային սարսափ է դարձել այն, ինչից տարիներ առաջ ողջ երկիրը կցնցվեր։

Առաջներում նման դեպքերը հազարից մեկ էին պատահում։ Ու դրա պատճառն այն չէր, որ մարդիկ ավելի քիչ խնդիրներ ունեին, այլ այն, որ կար հարգանքի, խոսքի և տարիքի արժևորման ինստիտուտ։ Խոսքը հանցավոր աշխարհի մասին չէ, այլ թաղում կամ համայնքում հեղինակություն վայելող, ծանրակշիռ մարդկանց, որոնց մի խոսքը բավարար էր, որպեսզի թեժացող վեճը վայրկյանների ընթացքում հանդարտվեր։

Այսօր այդ ամենը փլուզվել է։ Չկա մեծ ու փոքր, չկա տարիքի հանդեպ տարրական ակնածանք։ Ցանկացած անդաստիարակ պատանի կարող է փողոցում տարեց մարդուն այնպիսի բառերով պատասխանել, որ մարդը կանգնած տեղը լալկվի ու անզորությունից չիմանա՝ ինչպես վարվի։

Բայց մեղքը միայն պատանիների վրա բարդելն էլ արդար չէ... ահելներն էլ հետ չեն մնում։ Դարձել ենք լարված ականներ, որոնք պատրաստ են պայթել ցանկացած անզգույշ հայացքից կամ բառից։ Փողոցում, տրանսպորտում, հերթերում մարդիկ պատճառ են փնտրում՝ հայրենակցին նվաստացնելու, ծեծելու կամ նույնիսկ կյանքից զրկելու համար։

Ու մտածում ենք՝ ինչո՞ւ հասանք այս կետին...

Եթե փորձենք էմոցիաները մի կողմ դնել ու հասկանալ այս անհանդուրժողականության խորքային պատճառները, պատկերն ավելի քան մտահոգիչ է։ Սա միայն մեկ գործոնի հետևանք չէ, այլ մի քանի համակարգային ճգնաժամերի սիներգիա...

Առիթ եղած ժամանակ միշտ օրինակ եմ բերել Վիետնամի կամ Աֆղանստանի հետպատերազմյան տրավմաների և ագրեսիայի հետևանքները։ Նույն խնդիրը ուշ թե շուտ մեր դուռն էր թակելու, և խնդրեմ արդյունքը...

Տարիներ շարունակ ապրելով մշտական սթրեսի, պատերազմի վտանգի և կորստի ցավի մեջ՝ հասարակության մեջ կուտակվել է հսկայական տագնապ և ներքին ագրեսիա։ Երբ մարդը չի կարողանում կառավարել իր վախերն ու անորոշությունը, այդ էներգիան հաճախ դրսևորվում է կենցաղային դաժանության տեսքով։ Մենք դարձել ենք «հարձակվիր, որ չհարձակվեն» բնազդով ապրող հասարակություն։

Սա ոչ այլ ինչ է, քան արժեքային վակուում կամ անիշխանություն...

Հին ավանդական արժեքները (տարիքի հարգանք, համայնքային համերաշխություն) մերժվեցին կամ մաշվեցին, սակայն դրանց փոխարինելու չեկան քաղաքացիական գիտակցությունն ու օրենքի ուժը։ Արդյունքում ստեղծվեց վակուում, որտեղ ազատությունը շփոթվեց ամենաթողության և լկտիության հետ։

Դրանում ոչ պակաս մեղավորություն ունեն մեդիան և սոցցանցային ատելության խոսքը։

Ամենօրյա ռեժիմով համացանցից հորդող թույնը, քաղաքական բևեռացումը և թշնամանքը մարդկանց մոտ բարձրացրել են ագրեսիայի շեմը։ Այն, ինչ նախկինում համարվում էր ամոթալի, այսօր դարձել է հերոսության կամ տղամարդկության կեղծ ապացույց։

Ինչ վերաբերում է արդարադատության «պինգվինային» ձախողմանը...

Եվ այս ամենի թագն ու պսակը մեր արդարադատության համակարգն է։ Չկա պատժի անխուսափելիության զգացում։

Այն թեզը, թե բանտերը լցնելու փոխարեն ավելի լավ է տնային կալանք տալ՝ ոտքերին էլեկտրոնային շղթաներ կապելով, տապալվել է։

Խնդրեմ արդյունքը... Հանցագործը, որը պետք է մեկուսացված լիներ հասարակությունից, տեսնում է, որ ծանր արարքի համար կարելի է ընդամենը տանը նստել ու ոտքին սարք կրել։ Չկա զսպող մեխանիզմ։ Երբ պետությունը թուլացնում է օրենքի ձեռքը, փողոցում ակտիվանում է բռունցքի ու դանակի էսպես կոչված օրենքը։

Ցավալի է, բայց այս տեմպերով մենք ինքնավստահ գնում ենք ինքնաոչնչացման ճանապարհով։

Վստահ եմ՝ եթե չվերականգնվի օրենքի խիստ ու անխոս գերակայությունը, և եթե յուրաքանչյուրս մեր ընտանիքում չսկսենք կրթել ու դաստիարակել մի սերունդ, որը հարգում է դիմացինի կյանքն ու արժանապատվությունը, մենք կորցնելու ենք մեր պետականության վերջին հենասյուները և մեր սեփական երկրում անվտանգ ապրելու հույսը։

Եվ վերջապես հարգանքը թուլություն չէ, իսկ օրենքին ենթարկվելը վախկոտություն չէ։ Խելքի գալու ժամանակն է, քանի դեռ ուշ չէ...

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ