Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով
22.08.2026 | 11:09

Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը:

Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի:

Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգևոր կյանքի շինության ու պայծառության։

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 2525

Մեկնաբանություններ