Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացված 351300 լիտր դիզելային վառելիքն ու 500 տոննա ազոտական պարարտանյութը ներկրվել և ամբողջությամբ բաշխվել են շահառուներին:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի տեղեկացմամբ, կլիմայական պայմանների պատճառով այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները, նախորդ տարիների համեմատությամբ, չնայած ուշ սկսվեցին, սակայն մարզի ցածրադիր գոտիներում արդեն ավարտվել են խաղողի և պտղատու այգիների էտի ու ձևավորման աշխատանքները: Կատարվել է նաև շուրջ 300 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք:
Ըստ վարչության պետի, բացի դրանից, «Եղեգնաձոր» և «Վայք» ՋՕԸ-երն ավարտել են պոմպակայանների, հիդրոտեխնիկական կառուցվածքների, ոռոգման ցանցերի մաքրման ու վերանորոգման աշխատանքները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ