Մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չկան: Նկատի չունենք իր սենյակից համառորեն դուրս գալ չցանկացող, իրավական հարթությունը, կանոնադրական նորմերը, պաշտոնական էթիկան, տղամարդկային տարրական կուլտուրան անտեսող պարոն Զոլյանի քայլերի կասկադը: Ոչ էլ նկատի ունենք ԵԽ-ից սպասվող, այդպես էլ որևէ կերպ տեղ չհասնող նրա «սատարումը»:
Նկատի ունենք հանգամանքը, որ նախընտրական էս նեղ մաջալին նույն Եվրոպան վերցրեց, ՀՀԿ-ական Աշոտյանին «կանչեց» Բուխարեստ` պաշտոնապես ստանձնելու Բուլոնյան գործընթացի քարտուղարությունը` 2012-2015 թթ. համար: Հետն էլ` 2015-ին` գործընթացի անդամակից երկրների նախարարների գագաթնաժողովը «նշանակեց» Երևանում: Այդով Երևանը երեք օր դառնում է Եվրոպայի մայրաքաղաք: Կրթության գծով:
Կարծում էինք, որ Զոլյանն այս վշտին կդիմանա: «Կոնկուրենտ ֆիրմայի» ներկայացուցիչների օգնությամբ: Բայց` չէ. էն օրը Բագրատյան Հրանտը, որ քարը քարին չի թողնում կառավարության մասով, գովեց Աշոտյանին` Բուլոնյան գործընթացը մինչև վերջ հասցնելու «հաշվով»:
«Կոնկուրենտ ֆիրմային» այլ բան, բացի նրանից, որ ՀՀԿ-ն Աշոտյանի «արդյունքում» կորցրել է երեսուն տոկոս ձայն (էդ ինչքա՜ն ուներ, որ երեսունը կորցրեց, տակը մնաց քառասուն` ըստ սոցհարցումների), հետն էլ հանձնարարեց Զոլյանին` «տղամարդ լինել ու թախտի տակից», իմա` սեփական սենյակից, դուրս չգալ երբեք, որպեսզի ԴԱՀԿ-ը գա, իրեն «քաշքաշով հանի, մեծ աղմուկ-աղաղակ լինի, էն քառասուն տոկոսն էլ ՀՀԿ-ն այդպես «կորցնի»:
Չի գալու ԴԱՀԿ-ը. տեղեկացնենք պարոնին և «հարկավորներին»: Թողնելու են Զոլյանը նստի իր սենյակում որքան սիրտը կամենա, որքան առողջությունը հերիքի. ո՛չ կնիք ունի, ո՛չ էլ որևէ իրավասություն:
Ո՞Ւմ է խանգարում:
Ոչ մեկին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ