Երեկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ուսանողների հանդիպման ժամանակ բուհի երրորդ կուրսի քաղաքագիտական բաժնի ուսանող Նարեկ Սամսոնյանը, ով առանձնապես ակտիվ էր նախարարի դեմ բողոքի ակցիայում և ուսանողներին առաջնորդողների թվում էր, հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ավելի ուշ նախարար Արմեն Աշոտյանի միջամտությամբ Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել։
Մենք մի փոքր ուսումնասիրեցինք Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջը։ Նրա նյութերում ու մեկնաբանություններում իշխանությունների և հանրության որոշ հատվածի նկատմամբ ատելության պակաս ուղղակի չի զգացվում։ Հայ ազգային կոնգրեսի համակիր ուսանողի ֆեյսբուքյան էջն ամբողջությամբ հակաիշխանական քարոզչություն է։ Հավանաբար ֆեյսբուքյան իր քարոզչությունն ու քաղաքական հայացքները Նարեկը որոշել է տեղափոխել լեզվաբանական համալսարան։
Հավելենք, որ երեկ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ