Ռուսաստանի քաղաքական վերջին լուրջ վերադասավորումները Հայաստանում բավականին մեծ արձագանք ունեցան, մասնավորապես մերձքոչարյանական շրջանակում: Վերջիններիս երևակայությունն այնքան վառ գունավորումներ է ստացել, որ մեկեն որոշել են՝ Հայաստանի հաջորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Իրականությունից որքա՜ն կտրված պիտի լինել նման եզրահանգումներ անելու համար։ Պիտի փաստել, որ Քոչարյանի վերադարձին ակտիվ քաղաքականություն սկզբունքորեն դեմ է ՀԱԿ-ը։ Գործող իշխանության ներկայացուցիչները ևս խանդավառված չեն նրա ակտիվացմամբ։
Որպեսզի դրսից, տվյալ պարագայում Ռուսաստանից, հայաստանյան որևէ քաղաքական գործչի վրա «ստավկա» արվի, վերջինս սեփական երկրում նախ սատարողների որոշակի զանգված պիտի ունենա: Ասել է՝ առնվազն քաղաքական թիմ կամ հենարան, որը վերջինիս համար ոստնակ կլինի: Ինչպես տեսնում ենք, ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ՀՅԴ-ն չեն շտապում Քոչարյանի համար այդ դերը ստանձնել: Թեև, ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, Պուտին-Մեդվեդև «փոխատեղումից» հետո դաշնակցականներն առանձնակի ոգևորություն են ապրել, նույնիսկ իրենց շրջանակում «նիստանման մի բան են արել» ու հասկացել՝ Քոչարյանից «խերը» շատ էր (կերակրատաշտի առումով): Սակայն դրսի ու ներսի դաշնակցականները նորից բարդ խնդրի առջև են: Ըստ տեղեկությունների, նրանք Քոչարյանին «կողմ ըլլալով, հրապարակավ չեն պաշտպաներ»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այստեղ խնդիրն այլ երանգ է ստանում: Մեր աղբյուրի հավաստմամբ, այսօր այս կուսակցությունը լիովին գործող նախագահի խաղի կանոններով է առաջնորդվում: ԲՀԿ առյուծասեր առաջնորդը հասկացել է, որ տվյալ պարագայում ինքն ավելի մեծ գործոն է, քան Քոչարյանը, որի «դրոշի տակ» մտնելը կուսակցության վարկանիշի վրա հակառակ «էֆեկտն» է ունենալու: Իսկ նախընտրական այս փուլում ԲՀԿ-ին բոլորովին պետք չէ հասարակության աչքում «չոռ» երևալը: Ի միջի այլոց, ըստ մեր տեղեկությունների, վիկիլիքսյան վերջին բացահայտումներից հետո, երբ Քոչարյանը ոչ տարել-ոչ բերել ու ասել է՝ «ԲՀԿ-ն մի մարդու կուսակցություն է ու անելիք չունի», Ծառուկյանը խիստ նեղսրտել ու հոգու վերջին «թելերը» կտրել է: Թեև մեր աղբյուրը չբացառեց, որ ինչ-որ պահի նախկին «թունդ սերը» նոր ծիլեր կարող է արձակել։
Հետաքրքիր է, որ կոալիցիոն մեծամասնությունն այս առումով, կարծես, անհանգստություն չունի, քանի որ Քոչարյանի թեման վաղուց փակված է համարում (ակամայից հիշեցինք մարտի մեկի էջը):
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ