Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայոց լեզուն մագաղաթների գրավորն է

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայոց լեզուն մագաղաթների գրավորն է
21.02.2014 | 11:27

Իսպաներենով նկարում են այնպես, ինչպես Գոյան: Գերմաներենով` ինչպես Դյուրերը: Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումը: Քոչարը հայերեն էր քանդակում: Մինասն իր վրձինը թաթախում էր հայոց լեզվապնակի մեջ: Որովհետև լեզուն միայն մեկը մյուսի հետ հաղորդակցվելու կամ, նույնիսկ, բանաստեղծության համար չէ: Այն սնում է մշակույթի ամբողջությունը, քանի որ դրված է մարդ - աշխարհ հարաբերությունների հիմքում: Մի խոսքով`մայր մեղու: Հակառակ դեպքում մնում ես անփեթակ: Բայց փեթակն էլ, ինչպես կանխորոշել է բնությունը, չի փակվում լոկ իր մեջ: Իհարկե, դեռ մինչև օրս ապրում են լեզուներ, որոնց իմացաբանական սահմանը սեփական կենսամիջավայրն է ու վերջ: Այդ լեզուներով Արիստոտել չի թարգմանվում: Ոչ էլ Շեքսպիր կամ Ֆիրդուսի: Մերի մեջ` աշխարհի լրիվությունն է: Մեր լեզվով շարադրվում է ուզածդ գիտություն: Յուրացվում ցանկացած մշակույթ`դառնալով ազգային կենսափորձի մաս: Հայկական լեզվագիտակցության ունիվերսալիզմ: Հայկական կենսագիտակցության իմունիտետ: Իսկ այսօր փետրվարի 21 - ն է` մայրենի լեզվի օր:

Դիտվել է՝ 4868

Մեկնաբանություններ