Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կարծես շատ ծանոթ, բայց ուրիշ կինո ես ընկել

Կարծես շատ ծանոթ, բայց ուրիշ կինո ես ընկել
03.05.2026 | 18:28

Երբ ոտս մի անծանոթ թաղամաս ա ընկնում, անպայման մտնում եմ տեղի փոքր, թաղային սուպերմարկետը՝ էն, որ իմ մոտ էլ նույնից կա՝ նույն ցանցի խանութը։

Ապրանքները, չնչին բացառություններով, լրիվ նույնն են՝ նույն տեսակի, նույն փաթեթավորմամբ, չէ՞ որ նույն տեղից են ստանում։ Բայց քո մոտի խանութից տարբեր տեղերում են դրված, պիտի փնտրես, որ գտնես։

Իսկ գնորդները, որ էդ թաղի ժողովուրդն են, անգիր գիտեն ամեն ինչի տեղը, համարյա առանց նայելու ձեռքները գցում, վերցնում են իրանց ուզած ապրանքները՝ լրիվ ուրիշ բաների մասին մտածելով, հաճախ՝ բակի մերձակայքից դուրս չգալու շորերով՝ անփույթ, հապշտապ հագնված, իրար բարևում են, ոմանք խոսում են ծանոթ աշխատողների հետ երեկ, առաջին օրը, հազար տարի առաջ սկսված թեմաներով կամ միայն իրանց ծանոթ դեպքերի, մարդկանց մասին, վճարելիս ընտանեվարի ժպտում են, գանձապահը հարցեր չի տալիս՝ քարտ, կանխիկ, զեղչ, ամեն ինչ գիտի։ Կարծես քեզ շատ ծանոթ, բայց ուրիշ կինո ես ընկել։

Շրջում եմ, նայում եմ անծանոթ տեղերում դրված ծանոթ ապրանքներին, ինչպես տուրիստը՝ տեսարժան վայրերը։ Ու անպայման մի երկու բան եմ առնում՝ մի կապ համեմ, մի տուփ բրինձ, հաց՝ ոչ թե նրա համար, որ իմ մոտի խանութում չկա, կա՝ հենց էդ նույնից, այլ որովհետև, դե, եթե տուրիստ ես, գոնե մի երկու հուշանվեր պիտի առնես, չէ՞։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10887

Մեկնաբանություններ