Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հպարտ եմ այն մարդկանցով, որոնք ընտրություններից առաջ գիտեին, որ իրենց քվեն կարող է չբերել հաղթանակ, բայց, միևնույն է, չընտրեցին լռությունը

Հպարտ եմ այն մարդկանցով, որոնք ընտրություններից առաջ գիտեին, որ իրենց քվեն կարող է չբերել հաղթանակ, բայց, միևնույն է, չընտրեցին լռությունը
10.08.2026 | 20:01


Հովհաննես Դավթյանն իր մոնոլոգում անդրադարձել է նաև ինձ։

Ասում է՝ անունս չի հիշում, բայց ազգանունս հիշում է՝ Կարապետյան։ Հետո կատակել է, թե երևի հաշվի չէինք առել, որ էլի Կարապետյան կա, մտածել էինք՝ մարդկանց կխառնեն, ձայներ կստանանք։ Ու վերջում էլ զարմացել է՝ ինչի վրա էինք հույս դրել, որ 5000-ից մի քիչ ավել ձայն ենք ստացել։

Հովհաննես ջան, մի բան ճիշտ ես նկատել․ Կարապետյան ազգանունը շատ է հանդիպում։ Բայց մի փոքր վրիպել ես ամենակարևոր հարցում։

Մենք մարդկանց շփոթեցնելու վրա չէինք հույս դրել։

Մենք հույսներս դրել էինք մարդկանց հիշողության, արժանապատվության ու սեփական պետության նկատմամբ հավատքի վրա։

Այդ 5000-ից մի քիչ ավել ձայնը պարզապես թիվ չէր։

Այդ թվի մեջ մարդիկ կային, որոնք նախընտրեցին չլռել։

Մարդիկ, որոնք ընտրեցին մի քաղաքական ուժի, որի կողքին չկային միլիոնավոր դոլարներ, խոշոր քարոզչական ռեսուրսներ, իշխանական լծակներ, գրպանային օլիգարխներ կամ գերտերությունների «դաբրոներ»։

Բևեռի քարոզարշավի ընթացքում գնացինք գյուղեր ու քաղաքներ, հանդիպեցինք մարդկանց հետ, խոսեցինք այն մասին, ինչի մասին շատերը գերադասում էին լռել։

Մենք խոսում էինք ինքնիշխան Հայաստանի մասին, ազգային արժանապատվության մասին, բանակի ու պետության մասին, պատմական ու իրավական հիշողության մասին։

Խոսում էինք նաև այն բաների մասին, որոնց համար քաղաքականության մեջ շատ ավելի հեշտ է լռել, քան բարձրաձայնել։

Ու այդ ճանապարհին հանդիպեցինք մարդկանց, որոնք մեզ սպասել էին, լսեցին մեզ, հարցեր տվեցին, վիճեցին մեզ հետ, համաձայնեցին կամ չհամաձայնեցին, բայց վերջում իրենց ձայնը տվեցին մեզ։

Ոմանք գուցե առաջին անգամ էին լսում Բևեռի մասին, ոմանք էլ տարիներ շարունակ հետևել էին մեր պայքարին։

Բայց այդ բոլոր մարդկանց միավորեց մի բան՝ նրանք գիտակցաբար ընտրեցին։

Ու հիմա այդ ամենը կարելի է մեկ նախադասությամբ ամփոփել՝

«5000-ից մի քիչ ավել ձայն»։

Իհարկե, կարելի է։

Երգիծաբանի գործն է ամեն ինչից կատակ սարքելը։

Բայց քաղաքական պայքարի մեջ կա մի բան, որը կատակ չէ։

Երբ մարդը գիտակցաբար ընտրում է ոչ թե ամենահարմար, ոչ թե ամենաապահով, ոչ թե հաղթողի կողքին կանգնելու տարբերակը, այլ մի ուժի, որի հաղթանակը նախապես գրեթե ոչ ոք չէր կանխատեսում, այդ ձայնը սովորական ձայն չէ։

Այդ 5000-ից մի քիչ ավել մարդիկ մեզ մի բան ասացին․

«Մենք ձեզ լսել ենք»։

Եվ ես այդ մարդկանց ձայնը չեմ պատրաստվում ամաչելով թաքցնել։

Ընդհակառակը։

Ես հպարտ եմ այդ մարդկանցով։

Հպարտ եմ այն մարդկանցով, որոնք ընտրություններից առաջ գիտեին, որ իրենց քվեն կարող է չբերել հաղթանակ, բայց միևնույն է՝ չընտրեցին լռությունը։

Չվախեցան փոքր թվից։

Չվախեցան պարտությունից։

Չսպասեցին, թե ուրիշները պիտի առաջինը պայքարեն, որ իրենք հետո միանան։

Նրանք պարզապես ասացին՝ «Ես Հայաստանի համար այս պահին սա եմ ընտրում»։

Հովհաննես, անունս կարող ես չհիշել։

Բայց այդ 5000-ից մի քիչ ավել մարդկանց թիվ մի դարձրու։

Նրանք պարզապես 5000 ձայն չեն։

Նրանք 5000 անվախ, անկաշառ, ազգային գիտակցությամբ ու պայքարող մարդիկ են։

5000 մարդ, որը չընտրեց ամենահարմար ճանապարհը։

5000 մարդ, որը չսպասեց, թե ով է հաղթելու, որ հետո կանգնի հաղթողի կողքին։

5000 մարդ, որը գիտեր, որ մեր հաղթանակը երաշխավորված չէ, բայց միևնույն է՝ գնաց ու իր ձայնը տվեց այն գաղափարին, որին հավատում է։

5000 մարդ, որը չվախեցավ փոքրամասնություն լինելուց, դարձավ գիտակից շերտը:

Չվախեցավ պարտվելուց։

Չվախեցավ մենակ մնալուց։

Մենք գնում էինք ոչ թե 5000 ձայն հավաքելու։

Մենք գնում էինք Հայաստանի համար պայքարելու։

Եվ եթե այդ պայքարը ինչ-որ մեկի համար ընդամենը մոնոլոգի թեմա է, մեզ համար այն մեր երկրի ապագայի հարցն է։

Որովհետև Բևեռի պատմությունը միայն այս ընտրությունների պատմությունը չէ, մի փոքր էպիզոդ է մեծ պայքարի կենսագրության մեջ:

Դա մարդկանց պատմությունն է, որոնք տարբեր տարիներին կանգնել են իրենց ասածի կողքին, երբ դրա համար ավելի հեշտ էր լռել։

Մարդկանց պատմությունն է, որոնք կարող էին ընտրել հարմարավետությունը, բայց ընտրեցին պայքարը։

Ու պայքարները երբեմն սկսվում են հենց այն պահից, երբ բոլորը քեզ ասում են՝

«Դու ոչ մի շանս չունես»։

Մենք այդ «ոչ մի շանս չունեք»-ի պայմաններում էլ դուրս եկանք ու ասացինք՝

«Ո՛Չ։ Մենք ասելիք ունենք»։

Գուցե այսօր մեր թիվը փոքր է։

Բայց պատմության մեջ շատ մեծ փոփոխություններ սկսվել են փոքր թվից։

Այդ 5000-ից մի քիչ ավել ձայների մեջ ես տեսնում եմ ոչ թե պարտության թիվ, այլ 5000-ից մի քիչ ավել մարդու, որոնք չվախեցան մեզ հետ կանգնել այն կողմում, որտեղ հեշտ չէր կանգնել։

Դրա համար էլ, Հովհաննես ջան, անունս եթե չես հիշում՝ ոչինչ։

Մի օր գուցե հիշես։

Ու եթե պատմությունը մի օր հարցնի՝

«Որտե՞ղ էիք, երբ դժվար էր»։

Մենք գոնե կարող ենք պատասխանել․

«Այստեղ էինք։ Եվ չլռեցինք»։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ