Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Քարահատումը»՝ վարպետին, երախտագիտությունը՝ հորը

«Քարահատումը»՝ վարպետին, երախտագիտությունը՝ հորը
30.08.2026 | 14:01

(ավանդույթի ու բժշկական էթիկայի նոր օրինակ)

Երբեք չէի մտածել, որ մի օր գրելու եմ բժիշկ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ մասին։

Տևական ժամանակ նրա հետ շփվում էինք բացառապես իր քեռու՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լուսահոգի Վլադիմիր Պետրոսյանի հրապարակումների և «Հայաստան, Ռուսաստան, թե՞ Արևմուտք» գրքի առիթով։

Թվում էր՝ մեր խոսակցության ծիրը միշտ մնալու է պատմաքաղաքական ու գիտական վերլուծությունների տիրույթում։

Սակայն կյանքը հաճախ անակնկալ սրբագրումներ է անում, և հանրային ու մասնագիտական մեծագույն արժեքներն անսպասելի բացահայտվում են հենց այնտեղ, որտեղ ամենաքիչն էիր սպասում։

Արամի պարագայում ամենաքիչ սպասված այդ «տեղը» դարձավ հաճախ միօրինակ ու ձանձրացնող լրահոսը, երբ օգոստոսյան վերջին կիրակիի «առավոտ լուսո»-ի հետ հրամցրեց ինքնատիպ ու խորապես իմաստավորված Հիպոկրատի երդումը, որը նա ձոնել է իր հորը, համատեղությամբ՝ ուսուցչին։

«Երդվում եմ բժշկության աստված Ապոլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիոսի և բոլոր աստվածների ու դիցուհիների անունով՝ նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումն ու գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս:

Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս՝ Աշոտ Ամիրբարի Սարգսյանին, երդվում եմ պաշտել ծնողիս հետ հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունն ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրները... Երդվում եմ երբեք հանձն չառնել կատարել վիրահատություն, նույնիսկ քարահատում՝ այն թողնելով այդ գործով զբաղվող արհեստավոր Աշոտ Ամիրբարի Սարգսյանին։

Եթե այս երդումը ես բարեխղճորեն կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն՝ արվեստիս մեջ և մարդկանց հարգանքը՝ հավիտյանս հավիտենից»։

Ինքնատիպ ուղերձ-երդում, որն ընթերցողին տեղափոխում է անտիկ ժամանակներ՝ Ք.ա. 5-րդ դարի Հին Հունաստան, երբ բժշկությունը դիտվում էր որպես գաղտնի, սրբազան արհեստ։ Այն ժամանակ Ասկլեպիադների տոհմում գիտելիքը փոխանցվում էր հորից որդուն, իսկ երբ դպրոց մուտք գործեցին օտարները, Հիպոկրատի երդումով նրանք պարտավորվեցին ուսուցչին մեծարել ծնողին հավասար։

Արամի պարագայում պատմական խորհուրդը կատարյալ է. հայրը, պապական արմատներն ու բժշկական արվեստի հոգևոր ուսուցիչը նույնացել են՝ ստեղծելով որդիական հարգանքի ու մասնագիտական խոնարհումի անսասան պատվանդան։

Տեքստում առկա նուրբ հումորն ու մասնագիտական խոնարհումը՝ բարդ վիրահատությունները կամ «քարահատումը» իր ավագին՝ «արհեստավոր Աշոտ Ամիրբարովիչին» վերապահելը, վկայում են երիտասարդ բժշկի բարձր հասունության և ավագ սերնդի փորձառության անվերապահ ընդունման մասին։

Արամի «քարահատման» հիշատակումն ինձ մղեց որոնումներ անելու Google-ում, ինչն էլ բացահայտեց բավականին հետաքրքիր մի պատմություն։

«Անտիկ աշխարհում «քարահատման» (միզապարկի քարերի հեռացման) վիրահատությունը վարպետներին վերապահելու դրույթը Հիպոկրատի երդման ամենահետաքրքիր, ամենաշատ քննարկված ու խորհրդավոր էջերից է։

Բնագրում այն հնչում է այսպես. «Ես ոչ մի դեպքում չեմ կատարի քարահատում՝ այն թողնելով այդ գործով զբաղվող արհեստավորներին»։ Սա, ըստ էության, մասնագիտական առանձնացման (դիֆերենցման) և բժշկական էթիկայի առաջին պաշտոնական դրսևորումն է պատմության մեջ։ Այս կանոնի հետևում կանգնած են հին աշխարհի մի քանի շատ գործնական և փիլիսոփայական պատճառներ։

Անտիկ շրջանում բժիշկները հիմնականում զբաղվում էին ներքին հիվանդությունների բուժմամբ, դեղամիջոցների նշանակմամբ և դիետաներով։ Իսկ քարահատումը (լիտոտոմիան) պահանջում էր զուտ մեխանիկական, արագ և ֆիզիկական մեծ ճշգրտություն։ Կային հատուկ շրջիկ վարպետներ («քարահատներ»), ովքեր սերնդեսերունդ միայն այդ կոնկրետ վիրահատությունն էին անում և տիրապետում էին դրա բոլոր նրբություններին։

Քարահատումն այն ժամանակ ծայրաստիճան վտանգավոր էր։ Առանց հակասեպտիկայի ու անզգայացման՝ հիվանդները հաճախ մահանում էին արյունահոսությունից կամ վարակներից։ Եթե դասական բժիշկն իր վրա վերցներ այդ գործն ու ձախողեր, նա կկորցներ իր բարի համբավն ու կխախտեր երդման գլխավոր պատվիրանը՝ «Մի՛ վնասիր» (Primum non nocere)։

Հիպոկրատը փորձում էր բժշկությունը բարձրացնել գիտության և փիլիսոփայության մակարդակի՝ այն զատելով զուտ արյունոտ ու մեխանիկական միջամտություններից, որոնք դիտվում էին որպես արհեստ»։

Այս համատեքստում Արամ Սարգսյանի կատարած ձևակերպումը պարզապես փայլուն է։ Նա Հիպոկրատի հնագույն արգելքը վերածել է մասնագիտական խոնարհումի ու որդիական երախտագիտության՝ այն ընծայելով իր հոր՝ վիրաբույժ-գինեկոլոգ Աշոտ Սարգսյանի անվերապահ փորձառությանը։

Գինեկոլոգիայում և վիրաբուժության մեջ կան բարդագույն միջամտություններ, որտեղ միայն ակադեմիական գիտելիքը բավարար չէ․ այստեղ վճռորոշ է դառնում տասնամյակների ընթացքում հղկված այն ֆենոմենը, ինչն անտիկ աշխարհում անվանում էին «վարպետի ձեռք» (մեր օրերում՝ վիրաբույժի ինտուիցիա և անսխալական զգացողություն)։

Նուրբ հումորով իրեն դնելով ուսանող-աշակերտի կարգավիճակում, իսկ հորը մեծարելով որպես «արհեստավոր» (տվյալ դեպքում՝ բարձրագույն կարգի վարպետ, արվեստագետ-վիրաբույժ), նա ոչ միայն ցույց է տալիս ուսուցչի հանդեպ ունեցած խոր ակնածանքը, այլև ընդգծում է բժշկական պատասխանատվության բարձրագույն աստիճանը։

Արամն ակնարկում է՝ ճշմարիտ բժիշկը նա է, որն անցնում է ուսուցչի կողքով, սովորում ամեն մի շարժումն ու բարդագույն «քարահատումները»՝ կյանքի համար վճռորոշ պահերը, վստահությամբ թողնում տոհմի ավագին։

Նրա գիրը պարզապես հումորային ձոն չէ, այլ բժշկական սերունդների անխզելի կապի և ավագին անվերապահորեն վստահելու գեղեցիկ դաս։

Մերօրյա աղմկոտ, արժեքային տատանումներով ու հաճախ մակերեսային ընկալումներով լեցուն իրականության մեջ, երբ ավանդական սրբություններն ու ավագի հանդեպ ակնածանքը երբեմն մղվում են հետին պլան, Արամի այս քայլը պարզապես որդիական զգացմունքի դրսևորում չէ։ Սա բարոյական լուրջ կեցվածք է։

Նրա ակնհայտ պաշտամունքն ու խոնարհումն իրեն ծնող ու մասնագիտական ուղի հարթող հոր առջև դառնում են այն հոգևոր փարոսը, որն այսօր այնքան անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Դա հիշեցում է առ այն, որ մասնագիտական վարպետությունը, բժշկական կոչումն ու մարդկային մեծությունը սկսվում են հենց արմատների հանդեպ ունեցած խոր հարգանքից։

Երբ որդին չի վախենում իր հոր ստվերում երևալուց, այլ ընդհակառակը՝ այդ ստվերն ընկալում է որպես հուսալի վահան և ուսուցման տաճար, նա ոչ միայն պատվում է հորը, այլև ինքն է դառնում ինքնաբավ ու հասուն մասնագետ։ Հենց այսպիսի անսասան արժեքների վրա են հենվում ամուր ընտանիքները, բժշկական լուրջ դպրոցներն ու, ի վերջո, առողջ հասարակությունը։

Այս գիտակցումն առավել քան այժմեական է դառնում այսօր, երբ առողջապահական համակարգը հաճախ վերածվում է անհոգի մեխանիզմի՝ ծանրաբեռնված բյուրոկրատիայով, ֆինանսական առաջնահերթություններով ու կազմակերպչական քաոսով։ Նման պայմաններում, երբ ինստիտուցիոնալ անտարբերությունը կարող է հուսահատեցնել, վճռորոշ է դառնում հենց անհատի դերն ու տեսակը։

Ի հեճուկս համակարգային բոլոր բացերի՝ կան բացառիկ նվիրյալներ, ինչպիսիք են ուրոլոգ Գարիկ Սիմոնյանը, գինեկոլոգ Արամ Սարգսյանը և իրենց աշխատանքին հավատարիմ այլ մասնագետներ, ովքեր ամենօրյա ազնիվ աշխատանքով, պացիենտակենտրոն մոտեցմամբ ու բարձր պատասխանատվությամբ իրենց ուսերին են պահում բժշկի վեհ կոչումն ու պատիվը։ Նրանք ապացուցում են, որ անգամ ամենամեխանիկական համակարգում առաջնայինը մնում են մարդկային սիրտը, վարպետությունն ու խիղճը։

Երբ երիտասարդ բժիշկն ընդունում է ուսուցչի անվերապահ գերիշխանությունը, նա չի փոքրանում, այլ աճում է՝ դառնալով մեծ ավանդույթի արժանի շարունակողը։

Արամ Սարգսյանն իր այս քայլով ցույց տվեց, որ ճշմարիտ վիրաբույժը ձևավորվում է ոչ միայն նշտարին տիրապետելով, այլև ուսուցչի վարպետության առջև խոնարհվելու իմաստնությամբ։

Իսկ ո՞վ է այն վարպետը, ում ուսերին է հենվում այս վստահությունը և ում փորձառությունն է դարձել չափանիշ սերունդների համար։

Հաջորդիվ կանդրադառնանք վաստակաշատ ու հարգված պրոֆեսիոնալին՝ բժիշկ Աշոտ Սարգսյանին, որի կյանքն ու գործունեությունը բժշկական արվեստի իսկական տարեգրություն են։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ