Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սերժ Սարգսյան. Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր

Սերժ Սարգսյան. Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր
30.06.2016 | 11:09

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ապրիլին ՀՀ նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար:


Փոխայցերի և երկկողմ շփումների դինամիկան, նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից հատկացված 500 հազար եվրո ֆինանսական աջակցության համար: Նախագահը գոհունակությամբ է խոսել արտգործնախարար Շտայնմայերի հայաստանյան այցի շրջանակներում ստորագրված նոր փաստաթղթի՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը հանդիպման առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի համար:


Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և գործընթացն առաջ մղելու հնարավորություններին ու հեռանկարին: Կարևորվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ հետևողական քայլերի իրագործումը՝ տևական խաղաղության և կայունության հասնելու նպատակով:


Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց չորս փուլն արդեն հաջողությամբ կայացել է, տեսանելի ապագայում կավարտվեն, և կողմերը կունենան հարաբերությունների զարգացմանը միտված նոր փաստաթուղթ:

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.