ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը
08.07.2026 | 10:57

Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։

Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։

Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատրում է այն հանգամանքով, որ այն անհատներին և զանգվածներին ազատում է ներքին կոնֆլիկտներից, տալիս է ապահովության իլյուզիա և ազատում է ներքին բարոյական ընտրության բեռից։

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում դեռևս ուրիշ մթնոլորտ էր. պետական համակարգում կային մարդիկ, որոնք կատարվող շատ բաների հետ համաձայն չէին, իրավապահ համակարգում կային կարմիր գծեր, որը գծում էին մարդիկ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Դա ժամանակի ընթացքում բերում էր կոնֆլիկտի՝ քեզնից պահանջում են այլ բան, քո ներսը ընդվզում էր։ Այս իրավիճակը տանջող է ու վտանգավոր։ Ժամանակի ընթացքում մարդիկ հոգնում են հյուծող կոնֆլիկտից, և նրանք կամ հեռանում էին կամ սկսում իրենք իրենց համոզել, թե ապօրինի հրահանգները ճիշտ են, թե այն, ինչ իրենց ասվում է արեք՝ ճիշտ է։ Սա տալիս է ապահովության զգացում, ազատում է մեկուսացումից (մեծամասնության մեջ չլինելու վախից), ազատում է ազատությունից՝ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու ծանրագույն բեռից։

Այս պրոցեսը զանգվածային է, հասարակության զգալի մասը առնչվում է սրան, անցնում սրա միջով։

Երբ այս տեսությունը պրոյեկտում ենք մեր իրականություն վրա, շատ հարցեր իրենց պատասխանները գտնում են։ Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։ Դա ձևակերպվում է «ինձ չի վերաբերում, ինձ չեն բռնի, ես իմ գործն եմ անում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» և այլ նմանատիպ կենցաղային դիրքավորմամբ։

Մանավանդ Հայաստանում, որտեղ քաղաքացու և քաղաքացիական տեսակի սուր պակասությունը միշտ ակնհայտ է եղել, այս պրոցեսը ավելի ցայտուն և ավելի այլանդակ տեսք է ստանում։

Իրականում շատ դժվար է մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Բոլորս մեր շրջապատում բազմաթիվ օրինակներ ունենք մեր միջավայրերից, որոնց մասին ասում ենք՝ «ախր սա տենց չէր, առաջ լրիվ ուրիշ մարդ էր»։ Բոլորս մեր միջավայրում ունենք տասնյակ անուններ, որոնք կեղծել են իրենք իրենց, որոնք մեր ներկայությամբ ուրիշ բան են խոսում, իսկ այլ միջավայրում հանգիստ կծախեն բոլորին, ներառյալ՝ քեզ, ունենք մարդիկ, որ հենց դժվար պահին կորում են, որոնց դժվար պահերին դու միշտ (նույնիսկ քեզ վտանգելով) եղել ես նրանց կողքին, իսկ նրանք՝ ոչ։

Մենք զարմանում ենք, թե որտեղ են մարզաշխարհի հարյուրավոր դեմքերն այսօր, մենք զարմանում ենք, թե որտեղ են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Ծառուկյանը կյանքի դժվար պահերին աջակցել է՝ բուժվել, կրթվել, տուն պահել, գիրք տպել, համերգ տալ, ֆիլմ նկարել, գործ ունենալ, ծնող պահել, երեխա մեծացնել, տուն դնել, կայանալ և այլն և այլն։

Զարմանալ պետք չէ։ Մեզ թվում է, թե միայն մեր փոքր Հայաստանում է այսպես։ Իրականում դա մարդկության հայտնի խնդիրն է՝ մարդ մնալ անմարդկային պայմաններում։

Բեթթելհեյմն ասում է, որ գալիս էր մի պահ, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանդի ենթարկվողները սկսում էին նույնիսկ իրենք մտածել, որ երևի դա ճիշտ է, որ իրենք են մեղավորը։

Դարվինը կենդանուց մարդ ճանապարհի մասին մշակեց միլիոնավոր տարիների էվոլյուցիոն տեսությունը։ Բայց մարդուց անասուն դառնալու հոգեբանական ռեգրեսը, պարզվում է, կարճ ժամանակի խնդիր է։

Սակայն պարզվում է նաև, որ էքստրեմալ պայմաններում շատ ու շատ մարդիկ, որոնց դու չես ճանաչել կամ լավ չես ճանաչել, մնում են մարդ և քաղաքացի՝ չվախենալով այդ նույն ճնշումներից, ուղիղ ու բաց ճակատով խոսելով անարդարության դեմ։ Ու նրանք իրոք շատ են, ու հենց նրանց մեջ է հույսի ռեսուրսը։ Ու վերջին օրերին աջակցության հսկայական ալիքը հենց դրա շնորհիվ է։

Բեթթելհեյմն ի վերջո եզրակացնում է. «տոտալիտարիզմի գրավչությունը կայանում է դրա խոստման մեջ՝ տալ անհատական ապահովություն և ազատել ներքին կոնֆլիկտներից։ Ցավոք, դա ստացվում է ինքնուրույնության, ինքնահարգանքի և արժանապատվության կորստի գնով։ Տոտալիտար համակարգերում իշխող «հանդարտության» գինը հոգու մահն է»։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ