Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ձայն, որ մնաց տեսագրություններում

Ձայն, որ մնաց տեսագրություններում
09.07.2026 | 11:06

Ծանր լուր էր…

Իրոք՝ շատ ծանր։

Կորուստը դեռ թարմ է, և ես չեմ ասի՝ «ժամանակը կբուժի»։ Չի բուժի։

Պարզապես ժամանակի ընթացքում սուր ցավը կդառնա բութ կարոտ։

Մենք կսովորենք ապրել այդ բացակայության հետ։ Ինչպես սենյակում մի աթոռ, որի վրա այլևս ոչ ոք չի նստում, բայց դու չես էլ հանում։

Երբ մարդուն կորցնում ենք, միայն այդ ժամանակ ենք սկսում լսել նրա լռությունը։

Եվ հենց այդ լռությունն է ստիպում մտածել՝ ինչո՞ւ ենք մենք երբեմն ուշ գնահատում նրանց, ովքեր մեր կողքին են։

Քանի դեռ մարդն ապրում է, նրա ձայնը մեզ հասանելի է, նրա ներկայությունը՝ այնքան բնական, որ երբեմն այն սկսում ենք ընդունել որպես ինքնըստինքյան տրված մի բան։

Մենք հաճախ հետաձգում ենք ասելը.

շնորհակալ եմ,

քո ներկայությունն ինձ համար կարևոր է,

ուրախ եմ, որ դու կաս…

Կարծես ժամանակն անվերջ է։

Կարծես մարդիկ միշտ լինելու են մեր կողքին։

Բայց գալիս է մի օր, երբ այլևս հնարավոր չէ զանգահարել, լսել ձայնը կամ տեսնել ժպիտը։

Եվ հենց այդ պահին հասկանում ենք, թե որքան մեծ տեղ ուներ այդ մարդը մեր կյանքում։

Այսօր երկար նայում էի Արտաշես Ալեքսանյանի հարցազրույցները։

Լսում էի նրա խոսքը, դիտում նրա հայացքը և զգում մի տարօրինակ ցավ. կարծես արդեն կարոտում էի նրան։

Դեռ երեկ նա մեզ հետ էր՝ իր արվեստով, իր կերպարներով, իր մարդկային ներկայությամբ։

Իսկ այսօր մենք փնտրում ենք նրա ձայնը հին տեսագրությունների մեջ։

Ինձ համար նրա ամենահիշվող կերպարը Գարեգին Նժդեհն էր։ Կարծես հենց այդ դերի համար էր ծնված։ Նա պարզապես չմարմնավորեց Նժդեհին. նա փոխանցեց այդ կերպարի ներքին ուժը, արժանապատվությունը և լռության մեջ ապրող պայքարը։

Դեռ ականջիս է նրա ձայնը.

«Հայաստանը միշտ էլ կա, Հայաստանը երբեք չի կործանվելու»։

Այս խոսքերը այսօր հնչում են ուրիշ ծանրությամբ։ Երբ մարդը հեռանում է, նրա ասած բառերը կարծես նոր կյանք են ստանում։

Գուցե ամենամեծ հարգանքը, որ կարող ենք տալ մեր կողքի մարդկանց, նրանց գնահատելն է հենց այն ժամանակ, երբ նրանք դեռ այստեղ են։

Ոչ թե սպասել նրանց բացակայությանը, որպեսզի հասկանանք ներկայության արժեքը։

Ամենացավալին այն է, որ հաճախ ամենագեղեցիկ խոսքերը պահում ենք այն օրվա համար, երբ հասցեատերն այլևս չի կարող դրանք լսել։

Եկեք սիրենք,

գնահատենք և

շնորհակալ լինենք,

քանի դեռ մարդիկ մեր կողքին են։

Լուսավոր հիշատակ Արտաշես Ալեքսանյանին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ