Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պետությունը միայն պաշտոն ու աթոռ չէ. այն պահանջում է պետական մտածողություն, պատասխանատվություն և պետականության գիտակցություն

Պետությունը միայն պաշտոն ու աթոռ չէ. այն պահանջում է պետական մտածողություն, պատասխանատվություն և պետականության գիտակցություն
11.07.2026 | 17:08

Քանի դեռ ռայկոմի քարտուղարներին շփոթում եք պետական գործիչների հետ, նույն կերպ էլ ինքնիշխան պետությունը շարունակելու եք շփոթել գուբեռնիայի կամ վիլայեթի հետ։ Ասֆալտը շփոթում եք ազգային իղձերի ու նպատակների հետ, իսկ Եվրոպան՝ մոսկովյան «եվրոկոմֆետի» հետ։ Այս մտածողությամբ պետություն ինչպե՞ս եք կերտելու։

Պետությունը միայն պաշտոն ու աթոռ չէ։ Այն պահանջում է պետական մտածողություն, պատասխանատվություն և պետականության գիտակցություն։

Երբ երկրում ազգային բուրժուազիա չի ձևավորվում, խոշոր կապիտալի տերերը սկսում են կարծել, թե փողն ինքնին քաղաքական կապիտալ է։ Մտածում են. «Փողը կա, հիմա էլ կուսակցություն կստեղծեմ և կդառնամ հաջորդ ռայկոմի քարտուղարը»։ Այդպես քաղաքականությունը վերածվում է առևտրականների նախագծ, ոչ թե պետական առաքելություն։

Օլիգարխների ճակատագիրը ողբերգական է, սկզբում նրանց օգտագործում են, իսկ երբ այլևս պետք չեն լինում, առանց վարանելու զոհաբերում են։

Գագիկին ունեզրկում կամ ստորացնում է հենց այն ռեժիմը, որի հենարաններից մեկն ինքը երկար տարիներ եղել է։ Սա պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե անձնական կապիտալը կարող է փոխարինել պետական մտածողությանը։

Կարապետյանների դեպքում էլ նույն պատկերն է։ Այո՛, նրանք Հայաստանում չեն հարստացել և Հայաստանը չեն թալանել, այդ առումով տարբերվում են տեղական օլիգարխներից։ Սակայն քաղաքական մտածողության առումով նույն մենթալիտետի կրողներն են։ Կա որոշակի «տրեխավոր» հայրենասիրություն, բայց պետական ռազմավարություն, գաղափարախոսություն և քաղաքական հասունություն դեռևս չեմ տեսնում։ Փող ունենալը դեռ քաղաքական որակ չի նշանակում։

Նույն խնդիրը տեսել եմ նաև Ռուբեն Վարդանյանի պարագայում։ Նա, անկասկած, ինտելեկտուալ առումով գերազանցում է թե՛ տեղական օլիգարխներին, թե՛ Կարապետյանների շրջանակներին։ Սակայն ռազմավարական սխալն այստեղ էլ նույնն էր՝ սեփական քաղաքական նախագիծ, սեփական կուսակցություն, նույն անձնակենտրոն մոտեցումը։ Նա հույսը դրեց Ռուսաստանի վրա, սակայն հենց Ռուսաստանի չեկիստական համակարգի քաղաքական հաշվարկների հետևանքով հայտնվեց Բաքվում, որտեղ այսօր շինծու դատավարությամբ փորձում են կոտրել նրան, գուցե նաև ֆիզիկապես ոչնչացնել։

Հայաստանի խնդիրը երբեք փողի պակասը չի եղել։ Հայաստանի գլխավոր խնդիրը պետական մտածողության պակասն է եղել։ Այդ պատճառով էլ մեկ «փրկչին» փոխարինում է մյուս «փրկիչը», մեկ ռայկոմի քարտուղարին՝ մյուսը, իսկ պետությունը շարունակում է մնալ անձերի, այլ ոչ թե ինստիտուտների գերին։

Հայաստանին պետք չեն հերթական հարուստ «փրկիչները»։ Հայաստանին պետք են պետական գործիչներ, ազգային ինստիտուտներ և քաղաքական մշակույթ, որտեղ պետությունը վեր է կանգնած ցանկացած անձից, կապիտալից և կուսակցությունից։

Դրա համար Հայաստանին անհրաժեշտ է իրական անցումային արդարադատություն։ Ոչ թե ընտրովի արդարադատություն, որը ծառայում է օրվա քաղաքական նպատակահարմարությանը, այլ իրավական գործընթաց, որը կգնահատի անցյալի հանցագործություններն ու ապօրինությունները՝ օրենքի առաջ բոլորին հավասար սկզբունքով։

Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել հանրային վստահությունը, ձևավորել ազգային համերաշխություն և հաստատել արդարության զգացումը։ Այդ դեպքում ոչ ոք չի կարող անձեռնմխելի լինել իր պաշտոնի, կապիտալի կամ քաղաքական ազդեցության շնորհիվ, բայց նաև ոչ ոք չի դառնա քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության զոհ։

Իսկ այն մարդիկ, ովքեր օրինական ճանապարհով ստեղծել են իրենց կարողությունը և գործում են պետության ու օրենքի շրջանակներում, պետք է վստահ լինեն, որ իրենց սեփականությունը, ներդրումները և իրավունքները պաշտպանված են լինելու պետության կողմից՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ով է իշխանության։ Միայն այդպիսի պետությունն է ստեղծում պատասխանատու տնտեսություն, առողջ ազգային բուրժուազիա և երկարաժամկետ պետական կայունություն։

Միայն այդ դեպքում Հայաստանը կդադարի լինել հերթական ազդեցության գոտի և կդառնա իրական ինքնիշխան, իրավական և ազգային պետություն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ