Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ինչու՞ Է Վարդավառը քրիստոնեական տոն

Ինչու՞ Է Վարդավառը քրիստոնեական տոն
14.07.2026 | 16:10

Քրիստոսի Պայծառակերպության տոնը ավետարանական տոն է, որի մասին պատմում են Մատթեոսի (17), Մարկոսի (9) և Ղուկասի (9) Ավետարանները։

Մեր Եկեղեցու մեծագույն վարդապետներից սուրբ Գրիգոր Տաթևացին «Վարդավառ» անվանումը բացատրում է Քրիստոսին վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ մինչև Պայծառակերպությունը Քրիստոսի Աստվածության փառքը ծածկված էր մարդկային բնությամբ, իսկ Թաբոր լեռան վրա այն հայտնեց Իր աշակերտներին։

Եկե՛ք տեսնենք, թե Հայ Եկեղեցին ինչպես է տարբերակում ժողովրդական սովորույթը և տոնի բուն քրիստոնեական խորհուրդը։

Ջուրը աստվածաշնչյան և քրիստոնեական խորհրդանիշ է

Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ «ջրով խաղացեք», բայց Աստվածաշնչում ջուրն ունի ամենակարևոր հոգևոր նշանակությունը.

Ջրհեղեղի հիշատակը. Հայ Եկեղեցու ավանդական մեկնության մեջ ժողովրդական ջրելու սովորույթը կապվում է նաև Նոյյան ջրհեղեղի և աղավնու հիշատակության հետ՝ որպես մաքրության, նոր կյանքի և Աստծու ողորմության խորհրդանիշ։ Ջրհեղեղը դարձավ մեղքով ապականված աշխարհի դատաստանի և նոր սկզբի խորհրդանիշ, իսկ աղավնին բերեց խաղաղության ավետիսը։

Մկրտության խորհուրդը. Քրիստոնեական մեկնության մեջ ջուրը բնականաբար հիշեցնում է նաև Մկրտության խորհուրդը, քանի որ Սուրբ Գրքում ջուրը վերածննդի և մաքրության խորհրդանիշ է (Յովհ. 3։5)։

Իսկ ջրելը ժողովրդական սովորույթ է, որն ուղեկցում է տոնին։ Եկեղեցին երբեք չի նույնացրել ժողովրդական սովորույթը տոնի բուն խորհրդի հետ։ Սովորույթը կարող է լինել կամ չլինել, սակայն առանց Պայծառակերպության այլևս Վարդավառի քրիստոնեական իմաստը չի մնում։ Դա ժողովրդական ավանդույթ է, որը վերաիմաստավորվել է քրիստոնեական արժեքներով՝ սեր, ուրախություն, մաքրություն։

Այսպիսով.

Աստվածային տոնը Քրիստոսի Պայծառակերպությունն է՝ Թաբոր լեռան վրա Քրիստոսի աստվածային փառքի հայտնությունը։

Հոգևոր շնության վտանգ է առաջանում, երբ մարդը թողնում է Պատարագը, Քրիստոսի Պայծառակերպության խորհուրդը և գնում Վարդավառի անվան տակ հեթանոսական չաստվածների հետ զվարճանալու և անսանձ տարերքին ու անզուսպ կրքերին հագուրդ տալու։

Քրիստոնեական իմաստությունն այն է, երբ ժողովրդական սովորույթը ծառայում է Քրիստոսին և չի ստվերում տոնի բուն խորհուրդը՝ Տիրոջ Պայծառակերպությունը։

Ուստի հարցը ջուրը չէ։ Հարցն այն է, թե այդ օրը մարդ ո՞ւմ է փառավորում՝ Քրիստոսի՞ն, թե՞ աշխարհի ոգուն և կռապաշտական մտածողությանը։ Եթե առաջին տեղում մնում է Պայծառակերպված Տերը, ապա ժողովրդական սովորույթը կարող է ունենալ իր երկրորդական տեղը։

Իսկ եթե Քրիստոս մղվում է հետին պլան, իսկ առաջին պլան են գալիս հեթանոսական կերպարները, անզուսպ զվարճանքն ու ամբոխային խրախճանքը, ապա տոնի բուն իմաստն արդեն կորչում է։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 229

Մեկնաբանություններ