Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

Ինչը մեզ շատ հեշտ է թվում, ոմանց համար դժվար է

Ինչը մեզ շատ հեշտ է թվում, ոմանց համար դժվար է
09.02.2025 | 09:01

Իմ համար հայերենն այլատառ գրելը նույնն ա, ինչ ճաշի գդալով հաց կտրելը։ Ախր, անհարմար ա, գդալը բորշի համար ա, իսկ հաց կտրելու համար դանակ կա։ Տենց էլ այլատառ հայերենն ա՝ քրքրված, քչփորված հայերեն։ Իսկ կարդալն անտանելի դժվար ա։

Ամեն լեզվի այբուբեն հարմարեցված ա հենց էդ լեզվին։ Մեսրոպյան տառերն էլ հարմարեցված են հենց հայերեն գրելու համար։ Տարիներով գրում ես ու արդեն չես էլ նկատում, թե ինչ մեծ բան ա, երբ ուզածդ բառը հանգիստ գրում ես, ոչ մի անգամ կանգ չես առնում, որ մտածես, թե ինչ լատինական տառով կամ տառակապակցությամբ գրես հնչյունը, ու կարդացողը ոնց կհասկանա դա, չես անհանգստանում, որ քո գործածված սովորական շաղկապն իր տուտուզային տեսքով կարող ա քո լուրջ կամ հուզիչ գիրը զավեշտի վերածի։

Չէ՛, հայերենը պետք ա հայատառ գրել, հացը պետք ա դանակով կտրել, թեյը պետք ա բաժակով խմել, տոլման պետք ա... Դե, տոլման ինչով ուզում ես՝ կեր, կարևորը՝ հետը սխտոր-մածուն լինի։

Էս խնդիրն առաջացավ էն ժամանակ, երբ համակարգիչները սկսեցին տարածվել, իսկ մենք մի քայլ հետ մնացինք։ Կային, էն ժամանակ արդեն հայերեն տառեր կային՝ դեռ DOS-ում աշխատող, ես ունեցել եմ, բայց բոլորին հասանելի չէին։ Հետո՝ դժվար էր դրանք տեղադրելն ու օգտագործելը, մանրամասն ցուցումներ էին պետք։ Հիշում եմ՝ ես էդ ցուցումները գրել էի առանձին ֆայլում ու հայերեն տառերի հետ ուղարկում էի իմ ծանոթներին։ Շատերը տենց սկսեցին արդեն 90-ականների կեսերին հայատառ գրել։

Բայց պետք ա մի բան էլ հաշվի առնել։ Հաճախ էն, ինչը մեզ շատ հեշտ ա թվում, ոմանց համար դժվար ա։ Մարդիկ կան, որոնք մինչև էսօր վախենում են անհասկանալի գործողություններ կատարել համակարգչի կամ հեռախոսի վրա ու տեղադրել հայկական տառերը։ Մեզ թվում ա, թե՝ մեկ-երկու, իսկ նրանց համար դա բոլորովին էլ մեկ-երկու չի։ Ուրիշներին էլ թվում ա, թե լատինատառ գրելով քողարկում են իրանց տառասխալները, բայց տառասխալն անգամ լատինատառով ա զռռում։

Եկեք ոչ թե մեղադրենք, այլ օգնենք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Ու պետք չի այլատառ գրելը կապել հայրենասիրության հետ։ Անենք նենց, որ մարդը ոչ թե հայրենասիրությունից դրդված հայատառ գրի, այլ զգա որ տենց հարմար ա, որովհետև իսկապես՝ տենց հարմար ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6004

Մեկնաբանություններ